• November 19, 2018

Բացահայտումների շնորհիվ մոտ 1,2 մլն դոլար արդեն մուտք է գործել պետբյուջե, և գործընթացը շարունակվում է․ Դավիթ Սանասարյան

Բացահայտումների շնորհիվ մոտ 1,2 մլն դոլար արդեն մուտք է գործել պետբյուջե, և գործընթացը շարունակվում է․ Դավիթ Սանասարյան

Մոտ 1 մլն 200 հազար դոլար արդեն մուտք է գործել պետական բյուջե, և գործընթացը շարունակվում է։ Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ տարբեր մարմինների համար ժամանակացույց է սահմանվում, և գումարները վերադարձվում են։


Սանասարյանը նկատեց, որ Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտորն արդեն իսկ 50 մլն վերադարձրել է 350 մլնից։ «Ժամանակացույցը սահմանված է տարվա վերջ, ու եկող տարվա սկզբին կվերջացնենք։ Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, ասեմ, որ հիմնավոր փաստարկներ կան՝ գնալով իրենց վիճակը բարդանում է։ Ինձ ներկայացրել էին, որ անփորձ եմ, բայց դրա համար վստահ եմ, որ հրապարակային ներողություն են խնդրելու։

Եթե նկատի ունեն, որ ես նոր եմ պետական գործում, ասեմ՝ իմ աշխատակիցները պրոֆեսիոնալներ են, եթե նկատի ունեն, որ ժամանակից շուտ ներկայացրել եմ այս մասին, ապա ասեմ՝ որևէ մանրամասն չեմ ասել, միայն ասել եմ, որ ավելի վատ վիճակ է, քան Գյուղատնտեսական ակադեմիայում»,- ասաց Սանասարյանը։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությանը, ապա Դ. Սանասարյանը նախ հիշեցրեց, որ ինքն «Իմ քայլը» ցուցակով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, ապա հավելեց, որ շուտով ինքն արձակուրդ կվերցնի ու կմասնակցի քարոզարշավին։

https://www.youtube.com/watch?v=4eZ8egcTnw8

Ինչ քարոզարշավի ձևին անդրադառնալով՝ Սանասարյանը նշեց․ «Քարոզարշավի ձևի մասին ավելի մանրամասն կասեմ, բայց քայլելու եմ ու հանդիպելու հնարավորինս շատ քաղաքացիների։ Իմ քաղաքական գործունեության 10 տարիներին մենք քայլել ենք»,- շարունակեց նա։

Հարցին՝ քաղաքական քննադատություն լինելո՞ւ է, թե՞ կրկին սիրո խոստովանություն պետք է լինի քաղաքական հակառակորդներին, Դավիթ Սանասարյանը պատասխանեց․ «Մենք հաղթարշավ ենք իրականացնելու, 10 տարի և ավել քննադատել ենք այն ժամանակ իշխանություններին, հիմա պետք է խոսենք ավելի շատ մեր գործերից»։

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» նախընտրական ցուցակին, Սանասարյանը հայտարարեց, թե դրա գնահատականը կտա ժողովուրդը, իսկ անձամբ իր կարծիքով՝ բավականին հավակնոտ ցուցակ է։ Խոսելով քաղաքական մյուս ուժերի նախընտրական ցուցակների մասին՝ նա հումորով արձանագրեց, թե իրեն ՀՀԿ-ի ցուցակն է դուր գալիս։ Դավիթ Սանասարյանը նաև ուրախ է, որ իրենց ուժի հասցեին քննադատություններ կան։

«Նոր իշխանությունները կարճ ժամանակում ցույց են տվել, որ կոռուպցիայի դեմ կռիվ են տալիս, ցույց են տվել, որ օրինականության հաստատմանն ուղղված գործունեություն կա, քաղաքացին իր գնահատականը կտա։ Բնական է, որ դժգոհողներ կան, որ պահին չլինեն դժգոհողներ, կնշանակի, որ մի բան այն չէ»,- եզրափակեց Դավիթ Սանասարյանը։

© Tert.am