Շաբաթ, 17 Հունվարի, 2026
-0.9 C
Yerevan

Հողատարածքների ապօրինի օտարման և փողերի լվացման մեջ մեղադրվող Ղազարավան համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում Ղազարավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքին պատկանող՝ 0.1333 հա, 0.3670 հա, 0.2887 և 9.750 քմ մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները մատչելի պայմաններով ձեռք բերելու և դրանց պատկանելությունը թաքցնելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2018 թվականին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդներ:

Մասնավորապես՝ ձևական աճուրդների արդյունքում ձեռք բերված հողատարածքները հետագայում այլ անձի անունով անվանափոխելու շուրջ համայնքի ղեկավարը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ընկերոջ և ազգականի հետ, ովքեր մասնակցել են աճուրդներին և ճանաչվել հաղթող: Այնուհետև համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմվել են իրականում չկայացած աճուրդների վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնց հիման վրա համայնքի ղեկավարը հողամասերը վաճառել է իբր հաղթող ճանաչված՝ վերը նշված երկու անձանց՝ անշարժ գույքերը դուրս բերելով համայնքի գույքային ֆոնդից:

Այնուհետև համայնքի ղեկավարը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռքբերված և փաստացի իր կողմից տնօրինվող հողատարածքների իրական բնույթն ու ծագման աղբյուրը, դրանցից 0.3670 հա և 0.2887 քմ մակերեսներով հողատարածքները՝ ձևական աճուրդով ձեռք բերվելուց շուրջ 20 օր անց կատարված առուվաճառքի պայմանագրերով օտարել է տարբեր անձանց, իսկ 0.1333 հա մակերեսով հողատարածքը 2022 թ. կնքված ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցել է իր ընտանիքի անդամին: Հետագայում 9.750 քմ մակերեսով հողատարածքը 2019 թ. սեպտեմբերին բաժանել է հինգ մասերի, որոնցից չորսը նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են իր մտերիմներին, իսկ մնացած՝ մեծ մակերեսով հողատարածքը ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է իրեն, որի արդյունքում պաշտոնատար անձը փաստացի ձեռք է բերել հիշյալ հողամասերը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի օժանդակությամբ 2006 թ. ձևական աճուրդների միջոցով 6800 քմ և 35.000 քմ հողատարածքներ են  օտարվել նաև նրա հոր կողմից, ով նշված ժամանակահատվածում  զբաղեցրել է նույն համայնքի ղեկավարի պաշտոնը:

Արդյունքում՝ համայնքի հաշվեկշռից դուրս են բերվել և հետագայում հոր ու որդու փաստացի տնօրինմանն անցել ընդհանուր 59.440 քմ մակերեսով հողատարածքներ, որոնցից որպես պետությանը պատճառված վնաս համայնքի նախկին ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համայնքին վերադարձնել 43.257 քմ մակերեսով հողատարածքը, իսկ մնացած հողատարածքների մասով պետական բյուջե վճարել է դրանց շուկայական արժեքները՝ 10.520.000 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ղազարավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա վերաբերյալ քրեական  վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img