Դատավորներ, ում պատճառով պետական բյուջե չի մուծվել 3․665․000 դրամ

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանն օրեր առաջ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին գրավոր հարցում է ուղարկել՝ նախորդ տարիներին դատավորների կողմից պետական բյուջե մուտք արված գումարների վերաբերյալ, ինչին ի պատասխան ստացել է դեպարտամենտի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնցից պարզ է դառնում, որ 2015-2017 թվականներին չորս դատավորների կողմից կատարողական թերթեր չտալու և հօգուտ պետական բյուջեի բռնագանձումներ չանելու հետևանքով պետական բյուջե չի մուծվել 3 միլիոն 665 հազար ՀՀ դրամ։

«Պարոն Փոլադյանի պատասխան գրությունից պարզ է դառնում, որ ուսումնասիրության արդյունքներն ուղարկել են նաև ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ 2018 թվականի արդյունքները կամփոփվեն ու կհրապարակվեն 2019 թվականի սկզբին»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում ասաց Արման Ղարիբյանը։ Նա մեզ է տրամադրել ՀՀ դատական դեպարտամենտի ուսումնասիրության արդյունքները, որոնցից պարզ է դառնում, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանի պատճառով ՀՀ պետական բյուջե չի մուծվել 2,000,000 ՀՀ դրամ, Ալեքսեյ Սուքոյանի պատճառով՝ 1,465,000 ՀՀ դրամ, Սամվել Թադևոսյանի պատճառով՝ 100,000 ՀՀ դրամ և Արա Կուբանյանի պատճառով՝ ևս 100,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ, դատավորների անգործության արդյունքում ՀՀ պետական բյուջե չի մուծվել 3,665,000 ՀՀ դրամ։

«Վելես» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու, փաստաբան Արթուր Սուքիասյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում նշեց, որ դատավորների կողմից ժամանակին կատարողական թերթեր չուղարկելը ընդամենը հարկադիր կատարման փուլն է անհնարին դարձնում, սակայն տվյալ քաղաքացու՝ պետության առջև պարտավորությունը դրանով չի վերանում։ Այնուամենայնիվ, ստացվում է, որ ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լիազորություն չունի տվյալ գործերով քաղաքացիներից հարկադիր բռնագանձել և պետական բյուջե մուտք անել գումարներ։ Այս դեպքում, պետության առջև պարտավորության կատարումը թողնվում է քաղաքացիների բարի կամքի դրսևորմանը։

Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն, դատական գործերով պետական տուրքի գանձումն ապահովելու պարտականությունը կրում են դատարանները։ ՀՀ դատական դեպարտամենտի ուսումնասիրության մեջ ներառված գործերի քննության ժամանակահատվածում նշված խնդիրը կարգավորվել է դատարանների նախագահների խորհրդի՝ 23.07.1999թ. որոշման 13-րդ կետով, որը սահմանում է, որ  «Պետական բյուջեի օգտին պետական տուրքի գումար բռնագանձելու վերաբերյալ վճիռ կայացրած դատարանը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում համապատասխան կատարողական թերթ է ուղարկում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը»։

Ի դեպ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում։ Այսինքն, եթե դատավորները որևէ պատճառով չեն հասցրել մեկ շաբաթում ուղարկել կատարողական թերթը, ապա այս օրենքը հնարավորություն է տալիս դա անելու մեկ տարվա ընթացքում, սակայն վերոնշյալ քառյակը դա չի արել, ինչի արդյունքում պետական բյուջե չեն մուծվել գումարներ։

«Ես կարծում եմ, որ պետական բյուջեի մասով կարելի է փոփոխել օրենքը և դատավորների տրամադրել օրինակ 3 տարի ժամանակ, որպեսզի, եթե նրանք թերանան, ժամանակ լինի դա բացահայտելու և շտկելու»,- ասում է փաստաբան Արթուր Սուքիասյանը։

Ինչ վերաբերում է դատական ծախսերին, ապա պետության օգտին բռնագանձում չանելը հնարավոր է շտկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 196-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանը սեփական նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը։

ՀՀ դատական դեպարտամենտի ուսումնասիրության արդյունքները ներկայացնում ենք ստորև։

 

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: