• October 29, 2018

«Կուզենայի Վիգեն Սարգսյանից լսել՝ ինչպես է ձեռք բերել 1 մլն դոլարից թանկ բնակարան Հյուսիսային պողոտայում»

«Կուզենայի Վիգեն Սարգսյանից լսել՝ ինչպես է ձեռք բերել 1 մլն դոլարից թանկ բնակարան Հյուսիսային պողոտայում»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները փորձել է մանիպուլյատիվ վերլուծությունների ենթարկել: ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարարի քննադատություններին:

Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները, և ավելացրել, որ «ճտերն աշնանն են հաշվում», և ապագան սարսափեցնող է:

Վիգեն Սարգսյանը, դիմելով Փաշինյանին, գրել է. «Արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն Դուք եք: Այս ուղղությամբ Դուք հիմա հետևողականորեն ավիրում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով»:

Վլադիմիր Կարապետյանը Վիգեն Սարգսյանի «մտահոգությունները» կարճ բնութագրեց այսպես. «Իշխանությանը հարվածելու մղումով արված վերլուծություն»:

Իր հերթին Վ. Կարապետյանը դիմեց Վ. Սարգսյանին՝ ասելով. «Կուզենայի Վիգեն Սարգսյանից լսել պարզաբանում, թե ինչպես ինքը, լինելով պետական պաշտոնյա, ձեռք է բերել մեկ միլիոն դոլար արժեքը գերազանցող բնակարան Հյուսիսային պողոտայում և այլ սեփականություններ: Իմ կարծիքով, երբ նա հասարակությանը ներկայացնի՝ ինչպես է ինքը պետական ռեսուրսներ շրջել դեպի սեփական բարեկեցությունը, այդ ժամանակ նոր կարելի է վերլուծություն անել նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ»:

Կարապետյանի բնորոշմամբ՝ նախկին իշխանությունները ոչ թե բազմավեկտոր, այլ ձախողված արտաքին քաղաքականություն են կտակել:

«Ամբողջովին ձախողված արտաքին քաղաքականություն ենք ունեցել, Հայաստանն արտաքին աշխարհում ցածր վարկանիշ է ունեցել, դա իր և իր քաղաքական թիմի վաստակն է, որը ոտից գլուխ կոռումպացված է: Հետևաբար ոչ մի պնդում և ոչ մի համեմատություն չի կարող խոսել հօգուտ նախկին քաղաքական թիմի»:

©  ԳԱԼԱ Հ/Ը