• October 23, 2018

Հունան Պողոսյանի հանցավոր արարքն ընդդեմ իրավապաշտպանի

Հունան Պողոսյանի հանցավոր արարքն ընդդեմ իրավապաշտպանի

Հոկտեմբերի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանում քննվելու է նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի կատարած արարքի օրինականությունն ընդդեմ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի։

2015-ին Հունան Պողոսյանի միջնորդության շնորհիվ ոստիկանները ներխուժել են իրավապաշտպան Մարինա Պողոսյանի տուն, տեսաձայնագրություն կատարել, ապա գաղտնի ձայնագրել են Պողոսյանին բացօթյա սրճարանում։ Քաղաքացու տանը ձայնագրելու օպերացիան կոչվում է «ներքին դիտում»։ Այն կիրառվում է, եթե միայն քաղաքացին ճանաչված է որպես կասկածյալ, այն էլ՝ յուրահատուկ դեպքերում։ Երբ ներխուժել են Մարինա Պողոսյանի անձնական տարածք, նա գործով կասկածյալ չի եղել, ավելին, անգամ ցուցմունք տված չի եղել։ Նրա տուն ներխուժել են Հունան Պողոսյանի միջնորդության մեջ գրված հետևյալ նախադասության շնորհիվ․ «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»։ 

Մարինա Պողոսյանը Հունան Պողոսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ Քննչական մարմինը որոշում էր կայացրել քրեական գործ չհարուցել։ Այդ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այժմ բողոքը Վերաքննիչ դատարանում է։ Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, քրեական գործ կհարուցվի Հ.Պողոսյանի դեմ՝ կեղծ տվյալներ հայտնելու մեղադրանքով։ Եթե Վերաքննիչ դատարանը չբավարարի միջնորդությունը, Մ.Պողոսյանը մտադրված է դիմել Վճռաբեկ դատարան, ապա արդեն սպառած լինելով ներպետական ատյանները, դիմել Եվրոպական դատարան՝ արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի ու բնակարանի անձեռնմխելիության իրավունքների խախտումների հիման վրա։