“Փողոց դուրս չգաս՝ կկրակեմ, սա՞ չէր Սերժ Սարգսյանի “Դուք դասեր չեք քաղել մարտի 1-իցը”․ իրավապաշտպան (Տեսանյութ)

“Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից”։ Այս խոսքերով Սերժ Սարգսյանը կշտամբեց Նիկոլ Փաշինյանին ապրիլի 22-ին “Մարիոտ” հյուրանոցում կայացած հանրային հանդիպման ժամանակ։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդումով դիմեց ՀՀ դատախազին՝ գտնելով, որ Սարգսյանի վերոնշյալ խոսքում կան ինքնախոստովանության և սեփական ժողովրդի դեմ սպառնալիքի հատկանիշներ։

Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործը

Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվեց, Մարինա Պողոսյանը բողոքարկեց մերժումը դատարանում։ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը նախ մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը, իսկ հետո հենց բողոքը։

Պողոսյանի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, քանի որ վերջինս ՀՀԿ խորհրդի անդամ Մնացական Մնացականյանի որդին է։ Ստացվում է,որ դատավորի հայրը այն կուսակցության խորհրդի անդամ է, որի ղեկավարի վերաբերյալ էլ բողոք պետք է քննվի։ Դատախազը ինքնաբացարկի միջնորությունը հիմնավոր չհամարեց, դատավորը համաձայնեց նրա հետ՝ մերժելով ինքնաբացարկը և շարունակելով դատավարել Սերժ Սարգսյանի գործը։ Ի վերջո դատավոր Մնացականյանը մերժեց դատախազության անգործության դեմ բողոքը։

 

Փաստարկ – հակափաստարկ

Դատախազ Վահե Դոլմազյանը համակարծիք էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հետ, որը “վերացական էր” համարել Մարինա Պողոսյանի բողոքը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի խոսքերում սպառնալիք ու ինքնախոստովանություն տեսնելը Մարինա Պողոսյանի կարծիքն է։ Բողոքաբեր Մարինա Պողոսյանը հակադարձեց․ “Սերժ Սարգսյանը պե՞տք ա գար, դուռս զանգեր, դիմացս ասեր, որ փողոց դուրս չգաս, քեզ սպանելու եմ, որ դա համարվեր սպառնալի՞ք։ Խնդրեմ, իրականացրեք նախաքննություն, ինձ՝ ՀՀ քաղաքացուս ցույց տվեք ու ապացուցեք, որ ես Սերժ Սարգսյանից վախենալու հիմք չունեմ ու նա կապ չունի մարտի 1-ի իրադարձությունների հետ, ինձ էլ դատեք սուտ տեղեկություն տալու համար”։

Փաստաբան Շուշանյանը քրեական գործի հարուցման մերժումն անվանեց դատախազության՝ իր սեփական գործառույթներից հրաժարում։ Նա նշեց, որ բողոքող կողմի խնդրանքն է բեկանել Երևանի դատարանի որոշումը, ոչ իրավաչափ ճանաչել գլխավոր դատախազության անգործությունը, դատախազությանը պարտավորեցնել հարուցել քրեական գործ, նախաքննություն իրականացնել, որի արդյունքում կպարզվի՝ արդյոք Սերժ Սարգսյանի խոսքերի մեջ կան սպառնալիքի կամ/և ինքնախոստովանության տարրեր․ “2008-ի մարտի 1-ին զոհվել է առնվազն տասը ՀՀ քաղաքացի, վնասվածքներ են ստացել հարյուրավորը, խախտվել է հազարավոր անձանց՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։ Բայց անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը կապ ունի մարտի 1-ի իրադարձությունների հետ, թե չէ, նրա արտահայտություններում կան սպառնալիքի հատկանիշներ”։

Մարինա Պողոսյանն էլ շարունակեց, որ ինչ ասել է, թե “դասեր քաղել մարտի 1-ից”, եթե խոսքը գնում է խաղաղ ցուցարարներին կրակելու մասին․ “Փողոց դուրս չգաս՝ կկրակեմ, դա՞ չէր Սարգսյանի ասածը”։

 

Ինչ է լինելու վերջը

Դատավոր Անդրանիկ Մնացականյանը մերժեց Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու բողոքը։ Մարինա Պողոսյանը բողոքարկելու է այս որոշումը։

Ներքևում կարող եք դիտել դատական նիստի տեսագրությունը․

Facebook Comments

Tags: , , , , , , , ,


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: