• September 22, 2018

Կեղծ սնանկության գնացին, որպեսզի կոռուպցիոն գործարքները ջրի երես դուրս չգային. փաստաբան

Կեղծ սնանկության գնացին, որպեսզի կոռուպցիոն գործարքները ջրի երես դուրս չգային. փաստաբան

«Բանկային համակարգի նպատակը մեր տպավորությամբ իշխող էլիտայի սպասարկումն է ժողովրդի հաշվին: Բանկերը հետեւողականորեն ունեզրկել են քաղաքացիներին, մարդիկ դարձել են բառացիորեն «բոմժեր»,- այդպես է կարծում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանը, որը ներկայացնում է բանկերից մեկի զոհերից՝ «Արտյոմ եւ Վահագն» ՍՊ ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանի շահերը:

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան-ներկայացուցիչը հիշեցրեց, որ տարիներ առաջ շրջանառության մեջ դրվեց օֆշորային սկանդալների մեջ ներքաշվածների գործը, լսվում էին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, մասնավորապես, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի: Փաստաբանը ներկայացրեց «հանցավոր խարդախության» մի շղթա, որում ներգրավված են կեղծ սնանկության որոշում ընդունող դատավորները, իրավապահները, «էլիտան»: Ա.Գրիգորյանն ասում է, որ մինչ օրս չեն հրապարակվում այն իրավապահների, դատավորների անունները, ովքեր վարկեր ունեն վերցրած բանկերից, ովքեր «սնվում» են բանկերից: Այդ պատճառով ակնկալել, թե որեւէ գործ կբացահայտվի, առնվազն տարօրինակ կլինի: Չնայած, տեղեկացրեց, որ 2001թ.-ին հիմնադրված «Արտյոմ եւ Վահագն» ՍՊ ընկերության, ՍՊ ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանի գործով դիմելու է եվրոպական միջազգային կառույցներին, դեսպանատներին: Այս գործով ահազանգվել է եւ հաղորդում ուղարկվել ԱԱԾ տնօրենին եւ վարչապետին: Եվ ի՞նչ եք կարծում, ինչ է հետեւել. ԱԱԾ-ին ուղղված ահազանգից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի թաղայինը փորձել է ՍՊ ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանի գործին «ընթացք տալ», սակայն տեղյակ չի եղել, որ խնդիրը միլիոնավոր դոլարների հետ է կապված:

Արտյոմ Մակարյանը արտադրության մարդ է եղել, եղել է Արցախյան պատերազմի ժամանակ ամենաերիտասարդը, մի շարք բարեգործություններ է արել, բացել է աշխատատեղեր սպիտակցիների համար: 2009թ.-ին ծանոթանալով Տիգրան Զաքարյանի հետ՝ ստեղծել է «ԱՏ Գրեյն» ՍՊ ընկերությունը: Որպեսզի համատեղ ձեռնարկ իրականացնեն, վստահել է նրան, գրավ է դրվել այդ նպատակի համար Սպիտակ քաղաքում գտնվող, իրեն պատկանող թանկարժեք էլեվատորը, տունը, ինչքը՝ Երեւանի Կոմիտասի հասցեում գտնվող հացի արտադրամասը: Այն գործել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում եւ զբաղվել սննդի արդյունաբերությամբ եւ ալյուրի արտադրությամբ՝ զբաղվել է ցորենի ու գարու ներկրմամբ: Ըստ բանախոսների, անսպասելի իրենց նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել այն բանից հետո, երբ արտադրամասում գողություն տեղի ունեցավ: Իրավապահները գողությունը բացահայտելու փոխարեն, կրկնակի հետապնդման սկսեցին ենթարկել նրանց, զուգահեռ մեղադրելով նրանց առերեւույթ առեւանգման համար: Ազատազրկվում են, անգամ՝ Լուսինեն:

«Օգտվելով այն հանգամանքից, որ Արտյոմ Մակարյանը վերոնշյալ գործով գտնվում էր այդ ժամանակ անազատության մեջ, «ԱՏ Գրեյն»-ի հիսուն տոկոս մասնակից, Սուքիասյաններին պատկանող՝ Սեւանի ալրաղացի տնօրեն Տիգրան Զաքարյանը նրան համոզում է դուրս գալ ընկերությունից, պատճառաբանելով, որ չեն կարողանում աշխատել: Նորմալ աշխատելու համար դրսից ներդրողներ, հովանավոր է հարկավոր: Պարզվեց, որ այդ հովանավորը Ավետիք Նազարեթյանն էր, ով դարձյալ աշխատել էր բանկերից մեկում, Սուքիասյանների նախկին փեսան էր: Տիգրան Զաքարյանը ստանալով ընկերության հարյուր տոկոս մասնակցի իրավունք, Արտյոմի վստահությունը չարաշահելով, այս տարիների ընթացքում հափշտակել է Արտյոմին պատկանող չորս միլիոն ԱՄՆ դոլար գումարը»,-ասում է Լուսինե Նալբանդյանը: Ի դեպ, վերջինս տեղեկացել է, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. հունիսի 6-ի վճռով «ԱՏ Գրեյն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Իսկ ընկերության պարտատերերն են՝ «Ամերիաբանկ» ԲԲԸ-ն, որին «ԱՏ Գրեյն»-ը պարտք է 92 հազար 609 դոլար: Ի դեպ, դատարանի 21.06.2016թ. որոշմամբ «ԱՏ Գրեյն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը:

«Առավոտի» հարցին, թե ինչպես կարող էր 700 միլիոն վարկ մեկ օրում ստացող ընկերությունը սնանկ ճանաչվել, ինչ հիմքով, որոշման մեջ ինչ է պատճառաբանվել, փաստաբան Արթուր Գրիգորյանն ասաց, թե որոշումը իրենք չունեն, եւ որոշման մասին տեղեկացել են պատահաբար: «Սնանկության մասին» գործող օրենքի համաձայն, պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Հիմքերն են՝ 1) Հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, եւ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն` վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, եւ բացակայում է հաշվանցի հնարավորությունը, պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, եւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, եւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

© Առավոտ