• June 16, 2020

87 կողմ, 0 դեմ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից

87 կողմ, 0 դեմ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից

87 կողմ, 0 դեմ. Ազգային ժողովում ավարտվեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը: Ազգային ժողովը, այսպիսով, համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:

Փակ-գաղտնի քվեարկության արդյունքները ԱԺ ամբիոնից հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց: Քվեարկությանը նախորդած ելույթներում նրանք Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը համարել էին քաղաքական հետապնդում:

Քվեարկությանը մասնակցեցին «Իմ քայլի» 86 պատգամավորները եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Իմ քայլի» 88 պատգամավորներից Թագուհի Թովմասյանն ու Սասուն Միքայելյանը բացակայում էին:

Ինքը Ծառուկյանը եւս հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ այս ամենը սկսվել է հունիսի 5-ի՝ ԲՀԿ քաղխորհրդի հատուկ նիստում իր ելույթից հետո:

ՀՀ գլխավոր դատախազը՝ հակառակը, պնդեց, որ այն, ինչ տեղի է ունենում, զուտ իրավական պրոցես է՝ պայմանավորված քրեադատավարական գործընթացների ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ ապացույցներով:

ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել նաեւ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիր: Թե այն երբ կքննարկվի, դեռ պարզ չէ:

©Armtimes.com