• June 28, 2019

7 անշարժ գույք, 65 հազար դոլար, 25 մլն դրամ, 60 հազար դոլարի չափով հանձնած փոխառություն. Հրայր Թովմասյանի ունեցվածքը

7 անշարժ գույք, 65 հազար դոլար, 25 մլն դրամ, 60 հազար դոլարի չափով հանձնած փոխառություն. Հրայր Թովմասյանի ունեցվածքը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեռեւս 2017 թվականին՝ ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

2017 թվականի հունիսի 5-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Թովմասյանն ունի 2 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 ավտոտնակ: Նրա դրամական միջոցներն այդ ժամանակ կազմել են 47 հազար դոլար եւ 80 մլն դրամ:

2018-ի մարտի 30-ին Թովմասյանը էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2017 թվականի տարեկան հայտարարագիրը: Այդ ընթացքում նա ձեռք է բերել 3 հողամաս՝ ըստ ներկայացվածի՝ յուրաքանչյուրը՝ 700 հազար դրամով:

2017-ի տարեսկզբում Թովմասյանն ունեցել է 85 մլն դրամ եւ 50 հազար դոլար, իսկ տարեվերջում այն դարձել է 70 մլն դրամ եւ 45 հազար դոլար:

2017-ին Թովմասյանն ունեցել է 7 մլն 75 հազար դրամի չափով եկամուտ, որը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

2019 թվականի մայիսի 6-ին արդեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրել է իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը, ինչից պարզ է դառնում, որ նա հարկային տարում 82 հազար դոլար է հանձնել փոխառության, որից 22 հազար դոլարը հարկային տարում վերադարձվել է եւ արդյունքում փոխառության գումարը մնացել է 60 հազար դոլար:

Տարեսկզբում Թովմասյանի ունեցած 70 մլն դրամն ու 45 հազար դոլարը տարեվերջում դարձել է 25 մլն դրամ եւ 65 հազար դոլար:

2018-ին Հրայր Թովմասյանն ունեցել է 8 մլն 809 հազար 967 դրամի չափով եկամուտ, որից 222 հազար 994 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, 1 մլն 141 հազար 140 դրամն ու 7 մլն 445 հազար 733 դրամը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, ամուսնուն զուգահեռ 2018-ի մարտին ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը:

Տարեսկզբում Խուդավերդյանն ունեցել է 20 հազար դոլար, իսկ տարեվերջում՝ 8 մլն 500 հազար դրամ: Եթե տարեվերջում Խուդավերդյանի դրամական միջոցները կազմել են 8 մլն 500 հազար դրամ՝ ինչպես ներկայացված է հայտարարագրում, ապա 2019-ին ներկայացված նախորդ տարվա (2018) հայտարարագրի տարեսկզբում նրա դրամական միջոցները պետք է դարձյալ նույնչափ լինեին, սակայն այս դեպքում այդպես չէ: 2018-ի տարեկսբզում Խուդավերդյանն ունեցել է 7 մլն 500 հազար դրամ, որը տարեվերջում դարձել է 7 մլն 100 հազար դրամ:

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին, երբ Թովմասյանն առաջին անգամ ստանձնեց բարձր պաշտոն՝ նշանակվելով արդարադատության նախարար, իշխանական շրջանակներում դասվում էր ամենահամեստ կարողություն ունեցող հաշված թվով (3-5) պաշտոնյաների շարքը: Այդ ժամանակ, ինչպես նշում էին իշխանական կուլիսներում, նա ընդամենը մի տուն ուներ: Այդ տարիներին, սակայն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ ձեւավորված չէր եւ հնարավոր չէ պաշտոնական պատկերացում կազմել Թովմասյանի՝ այդ շրջանի ունեցվածքի մասին:

© Armtimes.com