ՀՀ քննչական կոմիտեում «Վելես» իրավապաշտպան ՀԿ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել «Էլիտ Գրուպ»-ի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ, մի գործ, որը կարող է դառնալ խոշոր կոռուպցիոն կծիկի քանդման սկիզբը։ «Էլիտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) իրականացնում է բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարություն և վաճառք։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված գործը որոշակիորեն բացահայտում է, թե ինչպես է տեղի ունենում վաճառքի գործընթացը։
Քրեական գործի հարուցման հիմքում դրված է մեկ ընտանիքի հետ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կնքած պայմանագիրը։ Մեր տեղեկություններով՝ այդպիսի պայմանագրեր շատ կան և հնարավոր է, որ առաջիկայում «Էլիտ Գրուպ»-ից բնակարան ձեռք բերած այլ անձինք ևս բացահայտեն իրենց պայմանագրերում առկա խնդիրները։
Եվ այսպես, ըստ հարուցված քրեական գործի՝ 2007 թվականին «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի և ամուսիններ Կարլեն Հովսեփյանի և Արուսյակ Սանասարյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 52 միլիոն 180 հազար դրամի դիմաց Երևան քաղաքի Ռոստոմի 29 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում 162 քմ բնակելի տարածք և 2 ավտոկայանատեղի գնելու վերաբերյալ։ Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը արձանագրվել է նախնական պայմանագրում, որը, սակայն, «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից որևէ մեկը չի ստորագրել։ Մեզ մոտ առկա են դրամարկղային մուտքի օրդերների պատճենները, որոնցով ապացուցվում է, որ ընտանիքը 2007-2008 թվականներին «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ին վճարել է նախնական պայմանագրում արձանագրված 52 միլիոն 180 հազար դրամը։
2009 թվականին, երբ կողմերի միջև կնքվել է նոտարական վավերացմամբ պայմանագիր, «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն պայմանագրում նշել է ոչ թե փաստացի ստացած գումարը, այլ ընդամենը 31 միլիոն դրամ՝ 21 միլիոն 180 հազար դրամով պակաս, քան բնակարանի ու ավտոկայանատեղերի իրական արժեքն է եղել։
Հարուցված քրեական գործի համաձայն՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն ընդամենը մեկ ընտանիքի հետ կնքված պայմանագրով, թաքցնելով ստացված իրական գումարը, պետությանը չի վճարել 3 միլիոն 530 հազար ՀՀ դրամ՝ որպես ավելացված արժեքի հարկ և ևս 3 միլիոն 529 հազար դրամ՝ որպես շահութահարկ։ Քննչական կոմիտեն պարզել է, որ «Էլիտ Գրուպը» նույն շենքի այլ բնակիչների հետ կնքած պայմանագրերում ևս թաքցրել է բնակարանների իրական արժեքը և այդպիսով, ընդհանուր առմամբ, խուսափել է գրեթե 66,5 միլիոն դրամի հարկ վճարելուց։
Հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ (ՀՀ Քրեական օրենսգիրք 205 հոդվածի 2-րդ մաս)։
Դեկտեմբերի 18-ին մենք փորձեցինք կապվել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Արմեն Մկոյանի հետ, որի բջջային հեռախոսն անհասանելի էր, իսկ ՓԲԸ-ի աշխատակիցը հայտնեց, թե նա երկրում չէ։ Ղեկավար կազմից այդ օրը ոչ ոք չկար գրասենյակում։ Թողեցինք հեռախոսահամար և խնդրեցինք կապվել մեզ հետ հարուցված քրեական գործի վերաբերյալ իրենց տեսակետը լսելու և ներկայացնելու նպատակով։ Մինչ օրս «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ից որևէ զանգ չենք ստացել։
© 1in.am