• September 8, 2022

3-4 դատավորի նկատմամբ վարույթ կա հարուցված․ «Հրապարակ»

3-4 դատավորի նկատմամբ վարույթ կա հարուցված․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանից հետաքրքրվեցինք, թե որն է դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու նպատակը, եւ ինչ օրակարգով է այն անցկացվելու։

«Նպատակը գնահատման հանձնաժողովի անդամների ընտրվելն է, որովհետեւ գնահատման հանձնաժողովի անդամներից մեկը դատարանի նախագահ է նշանակվել, իսկ մյուսը, որը դատավոր անդամ էր ընտրված, նա էլ դատավոր է դարձել, ու մենք պետք է նոր անդամներ ընտրենք, քանի որ իրենք պաշտոնի բերումով այլեւս իրավասու չեն աշխատելու այդ հանձնաժողովում։ Նաեւ դեպարտամենտի տարեկան հաշվետվությունը կարող է քննարկվել»,- ասաց Չիչոյանը, ում այլ հարցեր եւս ուղղեցինք։

– Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այն օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որ ԲԴԽ որոշումների բողոքարկումը տեղի է ունենալու դարձյալ Բարձրագույն դատական խորհրդում, ինչից շատ են դժգոհում փաստաբաններն ու դատավորները։

– Դա ընդամենը օրենսդրական նախաձեռնություն է, առաջարկ է, ԲԴԽ-ն քննարկել է, մենք որոշակի կետերի հետ կապված առարկություններն ուղարկել ենք արդարադատության նախարարություն, էս պահին մեկնաբանել չեմ կարող, որովհետեւ դեռ ընդունված չէ, դեռեւս նախագծի տեսքով է, որն արդարադատության նախարարությունն է ներկայացրել։ Վենետիկի հանձնաժողովի կողմից էլ ասվել է, որ խորհրդի որոշումն ինչ-որ մի տեղ պետք է բողոքարկվի, հիմա բողոքարկման ընթացակարգ են նախատեսում։

– Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը։

– Իմ կարծիքը, նաեւ ԲԴԽ անդամների կարծիքը, առանձին փաթեթներով ուղարկվել է արդարադատության նախարարին, բայց էս պահին չասեմ իմ կարծիքը։

– Փոփոխության նպատակն այն է, որ ԲԴԽ-ից դուրս ա՞յլ մարմին քննի բողոքները, թե՞ ԲԴԽ-ի ներսում դրա համար առանձին մարմին ստեղծվի։

– Չէ, ԲԴԽ-ի ներսում նաեւ բողոքարկող ինչ-որ մարմին լինի, ընդունենք՝ տասը հոգանոց անդամներից, օրինակի համար՝ չորսը քննեն, վեցը վիճակահանությամբ բողոքարկող մարմին դառնա։ Բայց էս պահին նախագիծը դեռ սաղմնային փուլում է՝ վերջնական չէ։

– Իսկ ԲԴԽ-ում այս պահին քանի՞ դատավորի նկատմամբ հարուցված վարույթ կա։

– Կոնկրետ թիվը չեմ կարող ասել, կարծեմ՝ 3-4։ Ուղարկել են, մենք մի անգամ նիստ ենք արել՝ նիստը չի կայացել դատավորների՝ արձակուրդում լինելու պատճառով, հետաձգվել է, սեպտեմբերի կեսերից հետո կշարունակվեն քննությունները։

– Ի դեպ, ՀԿ-ները եւս կարող են դիմել վարույթ հարուցող մարմնին՝ արդարադատության նախարարությանը, որ այս կամ այն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի։ Դուք ունե՞ք այնպիսի գործեր, որոնք հարուցվել են հենց ՀԿ-ների նախաձեռնությամբ։

– Մեզ ուղարկված բողոքներում բողոքող կողմը երեւում է՝ ով է, բայց էս պահին չեմ կարող պատասխանել, թե էդ երեք-չորս վարույթն ում բողոքի հիման վրա է հարուցվել։

– Իսկ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերջապես լիարժեք գործո՞ւմ է, քանզի ասացին՝ գործարկվել է, բայց դարձյալ խնդիրներ են առաջանում։

– Համակարգը գործում է, բայց ինչ-որ խնդիրներ կան՝ մանր-մունր, ծրագրավորողներն աշխատում են այդ ուղղությամբ, ընթացքում կկարգավորվեն։ Բայց էս պահի դրությամբ էլեկտրոնային համակարգն աշխատում է նորմալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում