Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տրամադրել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ մարզպետի կարգադրություններից: Ռոմանոս Պետրոսյանը 2018 թ-ի դեկտեմբերի 17-ին ստորագրել է «N 198 Ա» կարգադրությունը, որը վերնագրված է  «ՀՀ Կոտայքի մարզպետարանի մի խումբ աշխատողների պարգևատրելու մասին»: Մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից: Այդ կարգադրությամբ պարգևավճարներ են ստացել հետևյալ անձինք. Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյան- 460 հազար 334 դրամ Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան- 460 հազար 334 դրամ Մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյան- 460 հազար 334 դրամ Մարզպետի օգնական Գևորգ Առուստամյան- 258 հազար 938 դրամ Մարզպետի օգնական Անի Չիլինգարյան- 258 հազար 938 դրամ Մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Հակոբյան- 172 հազար 625 դրամ Մարզպետի տեղակալի օգնական Սաթենիկ Միքայելյան- 172 հազար 625 դրամ Մարզպետի տեղակալի օգնական Պավել Ցուգունյան- 172 հազար 625 դրամ Մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյան- 426 հազար 384 դրամ Պարգևատրվել են նաև վարչությունների պետեր Գրիգոր Գուլյանը, Տարոն Գևորգյանը, Լիլիթ Ստեփանյանը, Վահագն Ոսկանյանը, Հարություն Ալեքսանյանը և Մհեր Եղիազարյանը, քարտուղարության պետը և ներքին աուդիտի բաժնի պետը գլխավոր երեք մասնագետը: Պարգեւատրումների ընդհանուր չափը կազում է 5 միլիոն 792 հազար 728 դրամ: Կոտայքի մարզպետի տեղակալներ Առնակ ԱվետիսյանըՎասակ Վարդանյանը և Լարիսա Մադոյանընշանակվել են 2018թ. հունիս ամսին և մինչև պարգևատրվելը աշխատել են ընդամենը 6 ամիս: Մարզպետի օգնական Անի Չիլինգարյանն աշխատել է ընդամենը երեքուկես ամիս: Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը աշխատել է չորսուկես ամիս: Պարգևատրվածների ցանկում է նաև ԱԺ գործող պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչև 2018թ. հոկտեմբերի 30-ը: Դրանից հետո անցել է աշխատանքի մարզպետարանում, իսկ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մարզպետարանում փաստացի աշխատել է մոտ մեկուկես ամիս: Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Լուսինե Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ մարզպետը պարգևատրել է ընդամենը մի քանի ամիս աշխատած պաշտոնյաներին: Լուսինե Մանուկյանը մեր հարցին ի պատասխան` գրավոր պատասխան ուղարկեց, որում ասված է, որ մարզպետարանի մյուս աշխատակիցները ևս պարգևատրվել են, ուղղակի մյուսները պարգևատրվել են մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով: «Ցանկանում ենք փաստել, որ այս երկու իրավական ակտերով դեկտեմբերի 17-ին պարգևատրման է արժանացել մարզպետարանի ամբողջ աշխատակազմը, ըստ որում՝ 1-ին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետները պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87%-ի չափով: Այս կոնտեքստում հաշվի չի առնվել աշխատակիցների պաշտոնավարման տևողությունը, քանի որ այս ցանկում բացառություններ լինել չէին կարող, իսկ որակյալ աշխատանք կարելի է իրականացնել նաև պաշտոնավարման ամենակարճ ընթացքում»,- ասված է Լուսինե Մանուկյանի պատասխանում: Ծանոթանալով գլխավոր քարտուղարի հրամանին՝ պարզեցինք, որ այն Կոտայքի մարզպետարանի կայք է բեռնվել 2019 թվականի հունվարի 18-ին` ժամը 12:09-ին: Այսինքն` մարզպետարան մեր դիմելուց մոտ 30 րոպե հետո: Մարզպետարանի գլխավոր քարտուղարի կարգադրությունը կասկած հարուցեց, քանի որ պարգևատրման որոշումը թվագրված է 2018թ. դեկտեմբերի 17-ով, բայց այն ստեղծվել է այսօր: Կրկին դիմեցինք մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատարին պարգևատրված անձանց կատարված փոխանցումները հավաստող փաստաթղթի լուսապատճենը ստանալու խնդրանքով: Լուսինե Մանուկյանը մեզ ներկայացրեց մարզպետարանին պարգևատրման վճարի չափով կատարված փոխանցումը հավաստող լուսանկար: Միևնույն ժամանակ նա նշեց, որ դա հրապարակման ենթակա չէ: Հ.Գ. Ի դեպ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեկտեմբերի 17-ի պարգևատրման կարգադրությունն էլ մարզպետարանի կայքում հրապարակել են 2019թ. հունվարի 16-ին: Մարզպետարանից հավաստիացրին, որ կարգադրությունները պարտավոր են հրապարակել և հրապարակում են, ուղղակի կոնկրետ ժամկետ չկա հրապարակման և իրենք ամսվա մեջ մեկ անգամ են հրապարակում: Հետայսու հրապարակելու են 15 օրը մեկ: ©  Hetq.am

 638 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: