2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է Ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութ: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով Ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, 3 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից: Բացի այդ, 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը հետաձգվել է։
ՆԳ նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Ինքնամաքրման գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է»,- նշված է հաղորդագրությունում։