2020 թվականին բաժանվել է մոտավորապես 22 միլիարդ դրամի պարգևավճար (45 միլիոն դոլար), հարկերը հանած՝
մոտ 35 միլիոն դոլար, այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե 2020-ին պաշտոնյաները ստացել են մոտ 120 միլիոն դոլարի պարգևավճար։
Թունյանը շեշտեց՝ շրջանառվող թիվը սուտ է, մանրամասնելով․ — «2020 թվականին պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65․5 միլիարդ դրամ և բաժանվել է մոտավորապես դրա 30 տոկոսի չափով՝ 22 միլիարդ դրամի պարգևավճար, այսինքն՝ 45 միլիոն դոլար, այս գումարի մեջ մտնում են նաև հարկերը, եթե հարկերը հանում ենք ստացվում է մոտ 35 միլիոն դոլար»։
Իմքայլական պատգամավորի խոսքով՝ պարգևավճարներ տրվել են ոչ թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ՝ 20 հազար պետական ծառայողներին։
«Այնպես որ այդ մանիպուլյացիաները, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճարներով չգիտեմ ինչեր են արել․․․ այս թվերը կարծում եմ բավարար են։ Եթե մեկ աշխատողի հաշվով ենք նայում, յուրաքանչյուր աշխատողի, միջին հաշվով ամսական պետական ծառայողի, սկսած գրադարանների, արխիվների այլ կառույցների աշխատողներից, ամսական միջինը 90 հազար դրամ պարգևավճար է բաժին ընկել, եթե հարկերը հանենք, մոտ 70 հազար դրամ, ուզում եմ ասել, որ նախկինում էլ այդ համակարգն այսպես թե այնպես գործել է, որոշ կառույցներ ունեցել են արտաբյուջեներ, որոշ կառույցներում բաժանվել են պարգևավճարներ միշտ, օրինակ՝ ֆիննախում», — ասաց Թունյանը՝ կոչ անելով 120 միլիոն թիվը հրապարակողներին կա՛մ ապացուցել, կա՛մ ներողություն խնդրել հանրությանը մոլորեցնելու համար։