• April 25, 2019

2002-ին 200․000 դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հիմնադիրը օֆշորային ընկերություն է

2002-ին 200․000 դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հիմնադիրը օֆշորային ընկերություն է

Կառավարության 2002 թվականի 1465 Ա որոշման երկրորդ կետով նշվում է, որ «Արարատցեմենտ» ընկերության բաժնետոմսերի գինը 200 հազար դոլար է սահմանված, որը պետք է վճարվի բանկային 3 օրվա ընթացքում, դրանից հետո պարտքերի մասին է խոսվում, որոնք պետք է մարվեն եւ այլն։

Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանն «Արարատցեմենտը» 200 հազար դոլարով չի գնել, այլ պարտքերի հետ ընդհանուր հաշվարկով մոտ 10 մլն դոլարով, եւ որ Հայկ Գեւորգյանն իր պնդման մեջ առնվազն ազնիվ չի եղել։

«Որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, պիտի պարզենք՝ էդ ժամանակ վճարում կատարվել է, թե ոչ։ Երկրորդը, գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հետ իր կապը չի հաստատում Գագիկ Ծառուկյանը։ Ես կմեջբերեի որոշման նաեւ մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի բոլոր պարտքերը ներվում են գործարանին, կհորդորեի իմ գործընկերներին՝ ներկայանցել իրավիճակը, թե ինչ է եղել գործարանի հետ սեփականաշնորհումից մեկ տարի առաջ, ինչպես է «Հայռուսգազարդի» նկատմամբ պարտքը 1 մլն-ից դարձել յոթ միլիոն եւ այսպես շարունակ։ Բայց․․․ իրենց կայքում դրված է, որ 2002-ին գործարանն անցել է «Մուլտի գրուպ»-ին, իսկ իրականում 2002-ին, երբ 200 հազար դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, սակայն դրա հիմանդիրը օֆշորային ընկերություն է, թող բարի լինեն բացահայտել էդ օֆշորային ընկերության իրական սեփականտերերին»,-պարզաբանեց Հայկ Գեւորգյանը։

Լրագրողի հարցին՝ փաստորեն ստացվում է՝ Գագիկ Ծառուկյանը հիմա «Արարատցեմենտը» նվիրելու է Հայկ Գեւորգյանի՞ն, քանի որ Ծառուկյանն ասել էր, որ եթե Գեւորգյանն ապացուցի, ապա կնվիրի իրեն գործարանը, պատգամավորը կեսկատակ պատասխանեց՝ թող Գագիկ Ծառուկյանը որոշի, ես սպասում եմ առաջարկներին։

© Armtimes.com