Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենսգրքերում առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձեւավորված մոտեցումներին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին գումարված նիստի ժամանակ ներկայացնելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Փոխնախարարի խոսքով դատավարական ընթացակարգերի պարզեցման եւ հստակեցման միջոցով կնվազեցվի վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ու կապահովվի դատական ռեսուրսների նպատակային բաշխումը, գործերի արդյունավետ եւ արագ քննությունը՝ երաշխավորելով ողջամիտ ժամկետում գործի քննության անձանց իրավունքը, կնպաստի վարչական վարույթում վարչական մարմինների դերի ամրապնդմանը՝ ապահովելով մասնագիտական որոշումների կայացման բարձր մակարդակ եւ իրավաչափություն: Օրենսգրքով սահմանված բացառությունների հաշվառմամբ կապահովվի բոլոր վարչական գործերի քննությունն էլեկտրոնային եղանակով եւ կվերացվեն առկա խոչընդոտները:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:




