Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով։ Դատավորը հայտնեց, որ դեռևս 2018թ․ աշնանը, երբ ինքը գլխավոր դատախազությունում էր աշխատում, Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործով դատավարական ղեկավարում է իրականացրել, իր կողմից է որոշում կայացվել՝ նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ։
Ըստ քրեական գործի՝ Հովիկ Աբրահամյանը «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, ինչպես անձամբ, այնպես էլ իր վստահված անձանց, այդ թվում՝ Հենրիկ Աբրահամյանի միջոցով մասնակցել է «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերության կառավարմանը՝ մինչև իր պաշտոնավարումների դադարեցումը՝ 2016 թվականի սեպտեմբերի 8-ը, հովանավորելով կազմակերպությանը, ինչը, ի թիվս այլնի, դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ տեղական ինքնակառավարման մարմիններից շուկայականից էապես էժան գներով կեղծ աճուրդներով անշարժ գույք ձեռք բերելով և նշված առևտրային կազմակերպությանը տրամադրելով:




