• March 29, 2019

115 միլիոն դրամ վարձավճար պետբյուջեից. Կինոկենտրոնին հատկացված տարածքներից մեկին Ջաղինյանն է տիրացել, մյուսը՝ պիտանի չէ

115 միլիոն դրամ վարձավճար պետբյուջեից. Կինոկենտրոնին հատկացված տարածքներից մեկին Ջաղինյանն է տիրացել, մյուսը՝ պիտանի չէ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2006 թվականից մինչեւ օրս տարբեր տեղերում է տարածքներ վարձակալում՝ փաստացի ունենալով պետության կողմից իրեն հատկացված երկու տարածք:

Այս պահին ազգային կինոկենտրոնը տարածք է վարձակալել Աշտարակի խճուղի 30 հասցեում, այն պատկանում է «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲ-ին, որի համար կինոկենտրոնն ամսական վճարում է 224 հազար դրամ: Սակայն ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով՝ վերջերս «Հայֆիլմ»-ի ղեկավարությունից գրություններ են ստանում վարձավճարը թանկացնելու կամ տարածքն ազատելու պահանջով:

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 110 Ն որոշմամբ՝ «Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիա» ՊՈԱԿ-ը վերանվանվել է Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել Երեւան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող 198,6 քմ եւ Տերյան 3ա հասցեի 147,6 քմ տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ազգային կինոկենտրոնին:

Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի ներկայիս իրավաբանական հասցեն Տերյան 3ա-ն է, որը, սակայն, շահագործման ենթակա չէ: Տարածքն ունի կապիտալ վերանորոգման անհրաժեշտություն, հոսանքազրկված է, բացակայում են կոյուղագծերը, ջրագծերը եւ այլն: Իսկ կառավարության կողմից հատկացված Տերյան 2 հասցեի տարածքն էլ ավելի ուշ որոշվել է տրամադրել Հանրային ռադիոյին՝ «զարգացման ծրագրերում դրված նպատակների իրականացման» համար:

Շենքը հանձնվել է Հանրային ռադիոընկերությանը՝ դրա գործունեությունն ապահովելու եւ սարքավորումները տեղակայելու պատճառաբանությամբ, սակայն ընկերության վերադաս մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, Ռուբեն Ջաղինյանի գլխավորությամբ՝ իրավունք է ստացել ինքնուրույն որոշել պետական գույքի ճակատագիրը, ինչը եւ արել է՝ վաճառելով այն:

2015 թվականին Հանրային հեռուստառադիոխորհրդի նախկին նախագահ Ռուբեն Ջաղինյանը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը՝ խնդրելով Կինոկենտրոնին ամրացված 198.6 քմ անշարժ գույքը հանձնել Հանրային ռադիոընկերությանը: Ջաղինյանը պատճառաբանել է, որ ռադիոընկերության նպատակային գործունեությունն ապահովելու, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները տեղակայելու անհրաժեշտությունից ելնելով՝ առաջացել է լրացուցիչ տարածքների կարիք եւ ստուդիայի տարածքին կից ՀՀ սեփականությունը հանդիսացող Երեւան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող շենքը նույն շինությունում է գտնվում, ուստի բավարար է նշված խնդիրները լուծելու համար:

Չնայած սրան՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի (ՀՀՌԽ) եւ ռադիոընկերության ներկայացուցիչներն ավելի ուշ հաստատել են, որ շենքն իրենց փոխանցելու նպատակը ի սկզբանե եղել է այն օտարելը: 2016 թվականի հունվարի վերջին կառավարության որոշումով ազգային կինոկենտրոնին պատկանող շենքը տրվել է Հանրային ռադիոընկերությանը, մեկ ամիս հետո տեղի է ունեցել գույքի հանձնում-ընդունումը, եւս մեկ ամիս անց հեռուստառադիոընկերության խորհուրդը աճուրդի է հանել այս երկու շինությունները (ընդամենը՝ 1366.5 քմ) եւ դրանց տարածքը:

Այդ ընթացքում 2006 թվականից սկսած ազգային կինոկենտրոնը Երեւանում տարածք է վարձակալել եւ մինչեւ հիմա պետական բյուջեից վճարել է 115 միլիոն դրամ, որը շատ ավելին է, քան եթե գումար տրամադրվեր Տերյան 3 ա հասցեի տարածքը կառուցելու եւ Կինոկենտրոնը տեղափոխելու համար: Ազգային կինոկենտրոնի տնօրենը հայտնում է, որ 2007 թվականից մինչեւ օրս ամեն տարի խնդիրների մասին բարձրաձայնել են ե՛ւ բանավոր ե՛ւ գրավոր, սակայն դրանց լուծում չի տրվել: Կինոկենտրոնը շարունակում է տարածք վարձակալել:

Ըստ Շուշանիկ Միրզախանյանի՝ կինոկենտրոնն այժմ կանգնած է դժվար խնդրի առջեւ՝

ա) Փաստացի ունենալով տարածք՝ չի կարող տեղափոխվել, քանի որ այն անմխիթար վիճակում է, կապիտալ վերանորոգման կարիք ունի

բ) Վարձակալում է տարածք, որը գտնվում է քաղաքից դուրս եւ քաղաքային տրանսպորտ չի հասնում, եւ բացի դա պայմանները շատ վատն են՝  բացակայում են ջեռուցման եւ հովացման համակարգերն ու նվազագյուն պայմանները

գ) Այլ տարածք տեղափոխվել չի կարող պետական բյուջեի սղության պատճառով:

Ազգային կինոկենտրոնի Տերյան 2ա հասցեում ունեցած տարածքն ի սկզբանե կառուցվել է որպես նկարահանումների տաղավար (պավիլոն), այդտեղ է տասնամյակներ շարունակ գործել «Կինոդերասանի» ստուդիան:

© Armtimes.com