• November 18, 2019

«1 տարի 9 ամիս անհիմն կալանք»․ քննարկվելու է Վահագն Աբգարյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

«1 տարի 9 ամիս անհիմն կալանք»․ քննարկվելու է Վահագն Աբգարյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

Նոյեմբերի 20-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննարկվելու է Վահագն Աբգարյանի կալանքը վերացնելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։

Միջնորդությունում նշված է, որ Վահագն Աբգարյանը ավելի քանի 1 տարի և 9 ամիս «անտեղի և անհիմն կալանքի տակ է գտնվում»։ Նրա մեղադրանքը հաստատող միակ վկան՝ Արթուր Մնացականյանը, ՌԴ-ից ներկայացել էր դատարան և հերքել նախկինում իր տված ցուցմունքները՝ պնդելով, որ քննչական մարմիններն են իրեն ստիպել նման ցուցմունքներ տալ։

«Գտնում ենք, որ ժամանակն է, որ արդարությունը սկսի մեկնարկել և որպես  մեկնարկ դատարանին միջնորդում ենք փոխել Վահագն Աբգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կամ թույլատրել նրա նկատմամբ գրավի կիրառումը»,- նշված է միջնորդությունում:

Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վահագն Աբգարյանն իր դեմ իրականացրած մահափորձի հետևանքով առողջական լուրջ խնդիր ունի և հետևողական բուժում անցնելու համար  անհրաժեշտ է, որ նա գտնվի ազատության մեջ և ամենօրյա հաճախականությամբ այցելի քաղաքացիական բուժհաստատություն։ Դատարանին խնդրել են նաև հաշվի առնել, որ Վահագն Աբգարյանն ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական, բազմաթիվ բարեգործություններ է կատարել: Դատարանին ներկայացվել է նաև շուրջ 1100 ալավերդցիների ստորագրած դիմումը, որով նրանք խնդրում են կալանքից ազատել իրենց համաքաղաքացուն։

Աբգարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ այս և մի շարք այլ հիմնավորումներ ներկայացվել էին նախորդ դատական նիստին, մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ժամանակ էին խնդրել միջնորդությանը ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։

Հիշեցնենք, որ Ալավերդիում տեղի ունեցած Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանը տուժող էր ճանաչվել ամռանը  հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նա, ինչպես և այս գործով անցնող այլ անձինք, պնդում է, որ իր նկատմամբ նախաքննության ընթացքում ճնշումներ են եղել ՀՀ Հատուկ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի կողմից։ Վահագն Աբգարյանը տուժող է մեկ այլ՝ Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով։ Հենց այդ կրակոցների արդյունքում է նրա մոտ լուրջ առողջական խնդիր առաջացել։

Ի դեպ, Կամո Փիրուզյանի սպանության և դրան նախորդած հանցագործությունների վերաբերյալ «Հակակոռուպցիոն բլոգը» սեփական հետաքննությունն էր իրականացրել, որին կարող եք ծանոթանալ այս հղումով։