• December 1, 2023

ՔՊ-ականներից ովքեր են հայտնվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «թիրախում»

ՔՊ-ականներից ովքեր են հայտնվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «թիրախում»

Հայաստանում վերջին ամիսներին գրանցվել են կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմաթիվ դեպքեր, որոնց մի մասը հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանրադիտակի տակ, մյուս մասը՝ ոչ:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱԺ պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմ Հայկ Ղալումյանի (ՔՊ) և նրա ընտանիքի անդամների՝ վերջին մի քանի տարիների հայտարարագրերը։ Արդյունքում՝ մի շարք անճշտություններ ու անհամապատասխանություններ են վեր հանվել։ Ըստ Ղալումյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ պատգամավորը և նրա ընտանիքի անդամներն իրենց հայտարարագրերի մի մասը կա՛մ ոչ ճիշտ են լրացնում, կա՛մ թաքցնում են որոշ էական տվյալներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը բավականին թերի է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված փաստաթղթում նախարարը որևէ կերպ չի հիշատակել իր հիմնադրած «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ, Անգլիա» ընկերության մասին, թեև պաշտոնը ստանձնելիս 2020 թվականի հայտարարագրում նշել էր, որ 1․5 մլն դոլարի ներդրում է կատարել և 17.39% բաժնեմասի սեփականատերն է, ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Քերոբյանի որևէ հայտարարագրում նշում չկա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հետքի» հրապարակումից հետո իրականացնում է Նիկոլ Փաշինյանի զոքանչի, աներորդու եւ նախկին պատգամավոր ընկերոջ հայտարարագրերի ստուգում եւ վերլուծություն։ Ապրիլի 25-ին լույս էր տեսել հոդված, որում նշվում էր, որ չնայած վարչապետն ու իր թիմի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, հենց իր՝ Փաշինյանի հարազատներն ու ընկերն իրենց հայտարարագրերում ամբողջ ունեցվածքը պատշաճ չեն ներկայացրել։ Այս մասով դեռևս ոչ մի առաջընթաց չի նկատվում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի տեսել «Հետք» էլեկտրոնային կայքի այն հրապարակման մեջ, որում փաստվում էր, որ առողջապահության նախարարությունը նախարարի հրամանով պայմանագրեր է կնքել «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի հետ: Կենտրոնի տնօրենը նախարարի կինն է՝ Վարդուհի Թևանյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Էդուարդ Աղաջանյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման բացակայության վերաբերյալ վարույթ է հարուցվել: 2023 թվականի հունվարի 16-ին ներբեռնված տեղեկատվության համաձայն՝ Էդուարդ Աղաջանյանը 2014 թվականի սեպտեմբերի 17-ից հանդիսանում է «ԷՔՍԻՖԻԴ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 50% բաժնեմասի սեփականատեր։ Նաեւ Էդուարդ Աղաջանյանը 2022 թվականի մայիսի 31-ին ներկայացված 2021 թվականի տարեկան շահերի հայտարարագրում ընկերությունում մասնակցության, առեւտրային կամակերպությունների կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել։ Հենց այս առիթով էլ ընդունվել է վարույթ։

«Հետք» պարբերականը գրել էր, որ Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը թերի է լրացրել իր հայտարարագիրը։ 2023-ի մայիսի 29-ին Հայկ Ցիրունյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրն է ներկայացրել՝ նշելով գույքը, եկամուտները, ծախսերը, բայց ոչ՝ շահերը։ Այսպես՝ հայտարարագրում չի նշել, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի  50% բաժնետոմսերը պատկանում են իրեն։ Ընկերության մյուս 50% բաժնետոմսերը պատկանում են Արշակ Ասլանյանին՝ Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) տուգանել է 2019-2021 թթ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին, որն իր հայտարարագրում սխալ եւ ոչ ամբողջական տվյալներ է ներկայացրել ունեցվածքի մասին: