• January 11, 2019

Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել է ՍԴ. ինչ որոշում կկայացնի Քոչարյանի փաստաբանի քավորը

Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել է ՍԴ. ինչ որոշում կկայացնի Քոչարյանի փաստաբանի քավորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից հունվարի 8-ին դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան: Ըստ Քոչարյանի փաստաբանական խմբի, սահմանադրական վեճի հիմնական առարկա հանդիսանում են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

«Նշված դրույթը ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորում է Սահմանադրական դատարանի կողմից: Միաժամանակ իրավակիրառ պրակտիկան նշված նորմի ձևակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը»,- կարծում է Քոչարյանի փաստաբանական խումբը, որը, միաժամանակ, այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ ՍԴ-ի կողմից իրենց բողոքի բավարարումը բուն գործի վրա կարող է անուղղակի ազդեցություն ունենալ։ «Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մենք ճիշտ ենք, ապա պետք է վերանայի գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, որից էլ կբխեն արդեն հաջորդ դատական ակտերը վերանայելու խնդիրները։ Հաջորդ հետևանքը կլինի այն, որ հնարավոր կլինի վերանայել Վճռաբեկ դատարանի որոշումը, երբ մասնակի բավարարվեց դատախազության բողոքը, որից հետո էլ բխում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է վերանայվի կալանքի մասին»,- ասաց Հայկ Ալումյանը։

Փաստաբան, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը մանրամասն ծանոթ չէր Քոչարյանի թիմի կողմից ՍԴ ներկայացված բողոքի հիմքերին, սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ բողոքով էլ կրկին փորձ է արվում հրապարակ բերել Քոչարյանի անձեռնմխելիության հարցը՝ դրանով փակելով բոլոր ճանապարհները, որոնք վարույթն իրականացնող մարմնի համար քրեական հետապնդում իրականացնելու հիմք են հանդիսացել։ «Այս տեսանկյունից ուշագրավ է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությունը՝ մի շատ լակոնիկ նախադասություն, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ։ Մենք էլ բազմիցս անդրադարձել ենք անձեռնմխելիությանը և նշել, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ, և եթե նախագահն անցնում է իր լիազորությունները, կատարում է իր լիազորություններից չբխող գործողություններ, ապա նա ենթակա է պատասխանատվության։ Այստեղ անձեռնմխելիության հարց չկա։ Քոչարյանը, հակառակ իր գործառույթների, իրականացրել է գործառույթ, որն իրենը չէ, ավելին` ամբողջ երկրի համակարգերին ներքաշել է դրա մեջ»,- ասաց տիկին Սաֆարյանը՝ հավելելով, որ չի կարելի անձեռնմխելիության ինստիտուտի տակ քողարկել հանցավոր արարք կատարած անձի մեղքը։ «Աշխարհի որևէ երկրում ընդունելի չէ պաշտպանական այն տակտիկան, որն այսօր իրականացնում են Քոչարյանի փաստաբանները։ Նրանք իրենց գործողություններով կարծես փաստում են, որ մեղադրանքը ճիշտ է դրված, սակայն անձեռնմխելիության հիմքով ինքը կարող է պատասխանատվության չենթարկվել։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ Ռոբերտ Քոչարյանը թե՛ որպես հանրապետության նախագահ և թե՛ որպես անձ, սուբյեկտ ենթակա է քրեական պատասխանատվության այն նույն կարգով, ինչ մյուս քաղաքացիները»,- ընդգծեց Սաֆարյանը։

Իսկ թե ինչպես կանդրադառնա ՍԴ որոշումը բուն գործի քննության վրա, փաստաբանի խոսքերով, դժվար է ասել։

Ի դեպ, փաստաբանները, իրավապաշտպանները արդարադատության առումով մեծ ակնկալիք չունեն ՍԴ որոշումից, քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիսանում է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի քավորը։

Հայկ Ալումյանը, սակայն, դրանում խնդիր չի տեսնում և կարծում է, որ դա գործին չի խանգարի, նախ, քանի որ Արամ Օրբելյանը չի ներկայացնելու Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի շահերը և, եթե ինչ-որ հարաբերություններ կան, ապա ինքը, չգիտեմ՝ ինչ աստիճանի են այդ հարաբերությունները ու արդյո՞ք կհանգեցնեն նրան, որ Հրայր Թովմասյանն ինքն այդ կազմի մեջ չլինի: «Բայց սխալ կլիներ չէ՞ մտածել, որ եթե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է, ապա Արամ Օրբելյանը ՍԴ գրվելիք դիմումների մեջ որևէ հարցով որևէ մասնակցություն պիտի չունենա»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով գործի հնչեղությունը, քիչ հավանական է, որ այդ հարաբերությունները որևէ դեր խաղան:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, որը քննում էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, ինքնաբացարկ է հայտնել։

Երեկ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող կողմը՝ պատճառաբանելով, որ նույն դատավորը ինքնաբացարկ է հայտնել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գործով։ Այդ ժամանակ դատավորը հայտնել էր, թե բարեկամական կապի մեջ է եղել Վահագն Հարությունյանի ընտանիքի հետ։ Ինքնաբացարկից հետո գործը պետք է մակագրվի նոր դատավորի, որից հետո կսկսվի նոր քննություն։ Պաշտպանները գրավի սահմանաչափը մտադրված էին թողնել դատավորի հայեցողությանը, սակայն գրավի միջնորդությունը դեռ չի կատարվել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

ՀՔԾ-ի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը որոշեց կալանավորել Քոչարյանին երկու ամսով, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ, Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։ Այդ որոշումը, սակայն, բողոքարկվեց դատախազության կողմից և դատարանի կողմից բավարարվելուց հետո Քոչարյանը կրկին կալանավորվեց։

© 1in.am