• January 18, 2019

Քոչարյանը մնաց կալանքի տակ․ ո՞վ կգնա երկրորդ նախագահի հետևից

Քոչարյանը մնաց կալանքի տակ․ ո՞վ կգնա երկրորդ նախագահի հետևից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվելու է, իսկ գրավը կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է։

Այսպիսով՝ հերքվեց այն հոռետեսական կանխավարկածը, որ Քոչարյանի գործոնը դարձել է Պուտին-Փաշինյան պայմանավորվածությունների բաղադրիչ։ Այս տրամաբանության համաձայն՝ երկրորդ նախագահն այսօր պետք է ազատ արձակվեր, ինչի դիմաց ենթադրվում էր, որ Ռուսաստանի նախագահը որոշակի քաղաքական ժեստեր պետք է անի Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է գնալ հակառակ տրամաբանությամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները ձերբազատել Ռոբերտ Քոչարյանի գործոնից, որը դարձել է յուրօրինակ ստվերային ճնշման միջոց։

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետի երկարաձգումը կանխատեսելի էր, որովհետև դրան նախորդել էին երկու նշանային իրադարձություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն երկրորդ նախագահի գործի հետ։

Նախ՝ օրերս Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որը 2008-ի լարված օրերին զբաղեցրել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Օհանյանը մեղադրվում է նույն հոդվածով, ինչ Քոչարյանը, սակայն նրա դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց չի ընտրվել։ Իհարկե, ակնհայտ է, որ այս պարագայում նախաքննության մարմնի համար թիրախը ոչ այնքան Սեյրան Օհանյանն է, որքան՝ Ռոբերտ Քոչարյանը։ Ինքնին հասկանալի է, որ Օհանյանի դրվագով ևս ՀՔԾ-ն փորձում է ամրապնդել ու ամբողջացնել Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։

Իհարկե, այստեղ քննարկելի է առանցքային մի խնդիր։

Սեյրան Օհանյանը դարձավ երրորդ գեներալ-գնդապետը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գորով։ Իհարկե, բարձրաստիճան զինվորականներից որևէ մեկը կալանքի տակ չէ, սակայն ակնհայտ է, որ շուտով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելու են նաև այլ գեներալներ ու գնդապետներ, որովհետև Մարտի 1-ի հարցում գործ ունենք կազմակերպված մի համակարգի հետ։ Մի կողմից այս ոճրագործությունը համակողմանի պետք է բացահայտվի, ու յուրաքանչյուրը պետք է անհատականացված պատասխանատվություն կրի իր կատարած հանցագործության համար, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ զինվորականներից շատերը հանցագործություն են կատարել, այսպես ասած, հրամանի տակ գտնվելու հետևանքով։

Սա մեղմացնո՞ւմ է նրանց արարքը, թե՞ ոչ։

Հարցն ամենևին էլ հռետորական չէ ու չենք կարծում, թե գտնվում է զուտ իրավական հարթության վրա։ Հանրային կարծիքն այս հարցում միակարծիք չէ։ Ռոբերտ Քոչարյանն ու իշխանության էլիտան պետք է պատասխանատվության ենթարկվեն Մարտի 1-ի համար, ընդ որում՝ ազատազրկման ձևով, սակայն հասարակության գոնե մի հատվածը կարծում է, որ ԶՈւ բարձր սպայակազմի նկատմամբ ավելի ներողամիտ վերաբերմունք պետք է լինի՝ առնվազն այն պատճառով, որ զիվորականների մոտ ընդունված չէ քննարկել վերադասի հրամանների սահմանադրականությունը։ Ժամանակին հենց սա էր Փաստահավաք խմբում ակնարկում պաշտպանության մեկ այլ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը տարակուսած հարցնում էր, թե ինչո՞ւ են իրեն կանչել պարզաբանման 0038 հրամանի հետ կապված։ Նա ակնարկում էր, որ՝ որպես զինվորական, կատարել է Գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանները։

Այս պահին դժվար է ասել, թե ինչ մարտավարություն կընտրի նախաքննության մարմինը։ Արդյո՞ք երկար տարիներով ազատազրկման կդատապարտվեն նաև զիվորականները, թե՞ նրանց դրվագներն անհրաժեշտ են Ռոբերտ Քոչարյանի ու նրա, այսպես կոչված, «պոլիտբյուրոյի» մեղադրանքն ամբողջացնելու համար։

Վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին՝ նկատենք, որ նրա կալանքի երկարաձգմանն անուղղակիորեն նպաստեց նաև ընտրված պաշտպանական մարտավարությունը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբան Արամ Օրբելյանը չի բացառել, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։ Խոսքը, ըստ էության, Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։

Սա ակնհայտորեն շանտաժ էր նախաքննության մարմնին ու դատարանին, որոնք այսօր հասկացրեցին, որ քարոզչական ճնշումներին չեն տրվելու։

©  1in.am