• August 25, 2022

Քաշքշուկ դատախազների օրվան նվիրված խնջույքին. Դավթյանի հետ միաժամանակ խոսելու հետևանքները. «Ժողովուրդ»

Քաշքշուկ դատախազների օրվան նվիրված խնջույքին. Դավթյանի հետ միաժամանակ խոսելու հետևանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 2-ին հայաստանյան մի շարք դատախազներ հավաքվել են ռեստորանում՝ նշելու Դատախազի օրը, որը հուլիսի 1-ին էր:

Մասնավորապես, խնջույքին հրավիրված են եղել համայնքային դատախազները եւ Գլխավոր դատախազության դատախազները, այն մարդիկ, որոնք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմներն են: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խնջույքի ժամանակ միջադեպ է արձանագրվել: Համայնքային դատախազներից մեկը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ համատեղ բարձր խոսել է:

Նրան նկատողություն են արել, թե՝ չե՞ս տեսնում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է խոսում, լռի՛ր. գինովցած դատախազը պատասխանել է՝ ի՞նչ անենք, որ գլխավոր դատախազն է խոսում. ես էլ եմ խոսում: Այս խոսակցությունն այն աստիճան է թեժացել, որ համայնքային դատախազին դուրս են հրավիրել եւ փորձել նրա հետ հաշիվ մաքրել: Արդեն դրսում հնչել են փոխադարձ վիրավորանքներ, քաշքշուկ է տեղի ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից, թե համայնքային որ դատախազի հետ են փորձել հաշիվներ մաքրել՝ նրան դուրս հրավիրելով եւ քաշքշելով: Ի պատասխան՝ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, թե տեղեկությունը բացարձակ սուտ է:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում