• April 19, 2019

Տիգրան Ավինյանը ձեզ վարձահատո՞ւյց է եղել. Արման Բաբաջանյանը՝ Գեղամ Գևորգյանին

Տիգրան Ավինյանը ձեզ վարձահատո՞ւյց է եղել. Արման Բաբաջանյանը՝ Գեղամ Գևորգյանին

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընտրության հարցը: Վարչապետը այդ պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

«Ես զարմացած եմ, թե ինչու է վարչապետը ձեր թեկնածությունն առաջադրել այս կարևորագույն պաշտոնին: Իմ հարցի համար հիմք է ծառայել Hetq.am-ի մանրակրկիտ հետաքննությունը»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորը նշեց, որ ըստ այդ հետաքննության՝ պարոն Ավինյանի ընտանիքի ընկերությունը դիմել է Գեղամ Գևորգյանի գլխավորած՝ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին դրամաշնորհ ստանալու հայտով. «Եվ արդեն մայիսի 25-ին փոխվարչապետ դարձած Ավինյանի ընտանիքի ընկերությանը ձեր գլխավորած հիմնադրամը որոշել է հատկացնել 37 մլն դրամ, որից 16 մլն դրամը՝ անհատույց»:

Արման Բաբաջանյանը նշեց, որ դրանից մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 16-ին, Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար. «Արդյոք պատճառահետևանքային կապ այս ամենում կա՞, թե՞ ոչ. արդյո՞ք Տիգրան Ավինյանը ձեզ վարձահատույց չի եղել՝ աջակցելով ձեր նշանակմանը՝ իր ընտանիքի չրի արտադրության համար ձեր գլխավորած հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհի դիմաց»:

Պատգամավորն ընդգծեց, որ թեկնածուն համարվում է Իգնատի Առաքելյանի «մարդը». «Ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում, եթե ոչ՝ այս դրամաշնորհի շրջանակներում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 1in.am