• May 9, 2019

«Տելեմարկետ»․ խաբված աշխատակիցներ, չվճարված հարկեր և դատական գործ՝ Սաուդյան Արաբիայում

«Տելեմարկետ»․ խաբված աշխատակիցներ, չվճարված հարկեր և դատական գործ՝ Սաուդյան Արաբիայում

«Տելեմարկետ, դարձրեք ձեր կյանքն առավել հարմարավետ»,- այսպիսի կարգախոսով է Ձեր էկրաններին հաճախ հայտնվում տարբեր առարկաների գովազդը, որում բոլորը դեմքի երջանիկ արտահայտություն ունեն։ Իրականում «Տելեմարկետի» աշխատակիցները ենթարկվում են աշխատանքային շահագործման և ամիսներով աշխատավարձ չեն ստանում։

Այդ աշխատակիցներից մեկը սիրիահայ Սալբի Գարաճեանն է, ով 2012թ-ին Հալեպից անչափահաս որդու և ծնողների հետ գաղթել է Հայաստան՝ հույսով, որ պատերազմը շուտ կավարտվի, կրկին կվերադառնա տուն։ Պատերազմը երկար է ձգվել, և Սալբին որոշել է աշխատանք գտնել՝ ընտանիքի ծախսերը հոգալու համար․ նրանք վարձով են բնակվում։ Ծանոթներից մեկը նրան հուշել է, որ «Տելեմարկետ» ՍՊԸ-ի զանգերի սպասարկման կենտրոնին արաբերեն իմացող աշխատակիցներ են անհրաժեշտ։ Սալբին դիմել է և ընդունվել աշխատանքի։

«Տելեմարկետի» զանգերի սպասարկման կենտրոն ասվածը մի բնակարան էր, որտեղ մոտ 10 սիրիահայեր հերթափոխով 24 ժամ զանգեր էին ընդունում Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ Շաբաթը 6 օր 8 ժամով աշխատելու դիմաց նրանք ստանում էին ամսական 100 հազար դրամ։ Աշխատակիցներին խոստացել էին նաև բոնուսներ վճարել ամեն վաճառված ապրանքի համար։

Սալբին «Տելեմարկետում» աշխատել է 2014թ․-ից։ Սկսած 2016-ից նրա աշխատավարձն ուշացրել են, իսկ հետո ընդհանրապես չեն տվել։ «Տելեմարկետ» ՍՊԸ-ն Սալբի Գարաճեանին մոտ 4 ամսվա աշխատավարձ է պարտք եղել և մոտ 150 հազար դրամի բոնուսների գումար։ Սալբին անընդհատ զանգել է ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Սանամյանին և պահանջել իր աշխատավարձը։ Վերջինս Նոր տարվան ընդառաջ վճարել է գումարի մի մասը, իսկ մյուս մասն ընկերությունը մինչ օրս պարտք է Սալբիին[1]։

Սալբին միակ աշխատակիցը չէ, որ շահագործվել է։ 23-ամյա Հակոբ Մուշոյանը Հալեպից եկել է Հայաստան՝ աշխատանք գտնելու հույսով։ «Տելեմարկետում» աշխատել է մոտ մեկ տարի՝ 2017թ-ի հունիսից մինչև 2018թ-ի հունիսը։ Հակոբը պատմում է, որ աշխատանքի հենց առաջին օրվանից էլ ուշացումներով են գումար տվել։ Այս պահին ընկերությունը նրան պարտք է մոտ 3 ամսվա աշխատավարձ՝ 250 հազար դրամի չափով։ Հակոբն այս պահին ծանր ֆինանսական դրության մեջ է․ ասում է, որ ապրում է ընկերոջ տանը։ Հակոբի  ընտանիքը, որ գտնվում է Հալեպում, նրան մի փոքր գումար է ուղարկում՝ այստեղ գոյատևելու համար։

Բացի սիրիահայերից՝ «Տելեմարկետ» ՍՊԸ-ն ունեցել է նաև տեղացի, արաբերենին տիրապետող աշխատակիցներ։ Մերի Չփլախյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի է։ Ընկերությունում աշխատել է 2018թ-ի մայիսի 25-ից մինչև նույն թվականի օգոստոս ամիսը։ Մերիին ընկերությունը մինչ օրս չի վճարել 70 հազար դրամ։

Դատական գործերի տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք նաև, որ աշխատավարձի բռնագանձման պահանջով «Տելեմարկետ» ՍՊԸ-ին դատի է տվել նաև նախկին հաշվապահ Թադևոս Ասատրյանը։ Գործը դեռ քննության փուլում է։

«Հետքը» խոսել է այս ընկերության 5 աշխատակիցների հետ, ովքեր միաբերան հաստատել են, որ իրենց հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել, և իրենք գրանցված աշխատողներ չեն եղել։

«Տելեմարկետ» ՍՊԸ-ն հիմնադրել է Վահե Բալբաբյանը, նա ընկերության 100 տոկոս բաժնետերը և տնօրենն է։ Բալբաբյանը Արաբական Էմիրություններում հիմնադրել է նաև Shopia անունով մի ընկերություն, որն էլ Սաուդյան Արաբիայում հիմնադրել է TV Market Trading Co. ընկերությունը։ Այս բոլոր ընկերությունները զբաղվել են ապրանքի ներկրմամբ և վաճառքով։ Հաճախորդը, հեռուստացույցով կամ կայքում տեսնելով գովազդը, զանգահարում է, պատվիրում ապրանքը, որն առաքվում է նրա տուն։

Ինչպես Հայաստանի, այնպես էլ վերոնշյալ արաբական երկրների հաճախորդների զանգերի սպասարկման կենտրոնը Վահե Բալբաբյանը հիմնել է Երևանում, քանի որ այստեղ աշխատուժն ավելի էժան է։ ԱՄԷ-ից և Սաուդյան Արաբիայից ստացվող զանգերին արաբերենով պատասխանում էին սիրիահայերը, իսկ Հայաստանի զանգերին՝ տեղացիները։ Սիրիահայերին հրահանգված էր հաճախորդից թաքցնել իրենց գտնվելու վայրը․ նրանք ներկայանում էին այն երկրից, որտեղից ստացել էին զանգը։

Ունենալով էժան աշխատուժ՝ «Տելեմարկետ» ընկերությունը շարունակել է կրճատել ծախսերը՝ հարկերից խուսափելու միջոցով։ Ի դեպ, այս ընկերությունը մի շարք չվճարված հարկային պարտավորություններ ունի, որի համար կիրառվել են արգելանքներ։

Սալբին հիշում է, որ եղել է դեպք, երբ աշխատողներին խնդրել են դուրս գալ սենյակից, որ «հարկայինից գան, չտեսնեն աշխատողների իրական քանակը»։ Ավելին՝ ընկերությունն ինչ-որ պայմանագիր է կնքել աշխատակիցների հետ, ըստ որի՝ վերջիններս հանդիսանում են անկախ աշխատակիցներ (freelancer) և այդ գրասենյակ են եկել՝ համակարգիչներից օգտվելու։ Մեկ այլ պայմանագրով «Տելեմարկետը» հարկադրել է աշխատակիցներին ամրագրել, որ վերջիններս իրավունք չունեն գործի վերաբերյալ որևէ գաղտնիք պատմել երրորդ կողմին։ Հակառակ դեպքում՝ ընկերությունը սպառնացել է տուգանել աշխատակիցներին մի քանի հազար ԱՄՆ դոլարի չափով։

«Հետքի» հետ զրույցում «Տելեմարկետ» ՍՊԸ-ի հիմնադիր Վահե Բալբաբյանը ժամանակ խնդրեց, որ կարողանա աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը ցույց տալ։ Պայմանավորված ժամին զանգահարեց Բալբաբյանի տեղակալ Աշոտ Սանամյանը և հայտնեց, որ իրենց իրավաբանները զբաղված են, չեն հասցրել ժամանակին տրամադրել պայմանագրերը։  

Վահե Բալբաբյանը միայն Հայաստանում չէ, որ պարտքեր է կուտակել և խաբել աշխատակիցներին։ «Հետքի» հետ կապ է հաստատել Հայաստանի քաղաքացի Լևոն Դոնանյանը, ով աշխատել է  Սաուդյան Արաբիայում հիմնադրված TV Market Trading Co. ընկերությունում՝ որպես մենեջեր։

Մեզ հետ զրույցում Դոնանյանը պատմեց, որ Վահե Բալբաբյանը լքել է Սաուդյան Արաբիան՝ իր ուսերին թողնելով հարյուր հազարավոր դոլարների պարտք։ Արաբական ոստիկանությունը Լևոն Դոնանյանին 3 օր կալանքի տակ է պահել՝ այդ պարտքերի պատճառով։ Բացի աշխատակիցների աշխատավարձերը՝ Վահե Բալբաբյանը պարտք է մնացել նաև Սաուդյան Արաբիայի պետական մարմիններին, հեռահաղորդակցության և առաքման ընկերություններին։

Դոնանյանը «Հետքին» է տրամադրել այն անձանց և ընկերությունների ցանկը, որոնց Վահե Բալբաբյանը խաբել է և չի վճարել։ Ստորև ներկայացնում ենք հատված այդ ցանկից․

  • Գրասենյակի տարածքի վարձակալություն՝ մոտ 18 հազար ԱՄՆ դոլար
  • Go- Etihad Atheeb Telecom Company հեղահաղորդակցման ընկերությանը՝ մոտ 24 795 ԱՄՆ դոլար
  • Սոցիալական ապահովագրության գլխավոր կազմակերպությանը (GOSI)՝ մոտ 2080 ԱՄՆ դոլար
  • Կոմունալ վճարներ՝ մոտ 350 ԱՄՆ դոլար
  • Փոստային ծառայությանը՝ մոտ 400 ԱՄՆ դոլար
  • Արբաազ Ուդդին (Arbaaz Uddin) անունով աշխատակցի աշխատավարձը՝ մոտ 3000 ԱՄՆ դոլար
  • Naqil ընկերության առաքման ծառայության գումարը՝ մոտ 5600 ԱՄՆ դոլար
  • 4 աշխատակցի աշխատավարձ՝ մոտ 46 հազար ԱՄՆ դոլար։

Լևոն Դոնանյանն ինքը չի ստացել մոտ մեկ տարվա աշխատավարձ։ Նա դիմել է դատարան, և Սաուդյան Արաբիայի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Դոնանյանի։ «Հետքը» հարցազրույց է արել Լևոն Դոնանյանի հետ, մանրամասները՝ տեսանյութում։

Պարզաբանումներ տալու համար «Հետքի» խմբագրություն այցելեցին «Տելեմարկետ» ՍՊԸ-ի հիմնադիր Վահե Բալբաբյանը և տնօրենի տեղակալ Աշոտ Սանամյանը։ Նրանք ընդունեցին, որ աշխատավարձ չեն վճարել աշխատակիցներից միայն երեքին, այնինչ մեզ արդեն դիմել է 5 հոգի՝ նշելով, որ չեն վարձատրվել։

«Ես ոչ մի սիրիահայի չեմ ուզի, որ պարտք մնանք։ Ես եկել եմ, տեսել եմ ընկերությունը պարտքեր ունի ոչ միայն վճարումների հետ կապված, այլև հարկեր և այլն։ Մարելով՝ գնացել ենք, հասել ենք այն վիճակի, որ մոտավորապես ամառվա վերջ պարտքերն ամբողջությամբ մարելու ենք ու գնանք առաջ»,- ասաց Վահե Բալբաբյանը։

Վահե Բալբաբյանը նշեց, որ իր՝ Դուբայում գտնվելու ընթացքում այստեղ գտնվող ընկերությունը ծանր դրության մեջ են դրել, բայց չի ուզում մեղադրել որևէ անձի։ «Երևի իմ վատ մենեջմենթի արդյունք է եղել։ Այսօր ընկերությունը մի քիչ առողջ վիճակում չէ, բայց փորձում եմ առողջացնել»,- ասաց նա։

32822748_10209149214287871_4782570006787391488_n.jpg (28 KB) Ashot Sanamyan.jpg (463 KB)
Վահե Բալբաբյանը Աշոտ Սանամյանը

Հարցին, թե ինչու են նմանատիպ պարտքեր և խնդիրներ առաջացել նաև Սաուդյան Արաբիայի գրասենյակում, և ինչու մինչ օրս չի վճարել այնտեղի հարկերն ու աշխատակիցներին, Բալբաբյանը պատասխանեց, որ այնտեղի գրասենյակի մենեջեր Լևոն Դոնանյանն իր ապրանքը գողացել է, ինչի պատճառով ընկերությունը հայտնվել է ծանր կացության մեջ և չի կարողացել վճարումներ անել։

Ըստ Բալբաբյանի՝ ինքն ի վիճակի չի եղել գնալ Սաուդյան Արաբիա՝ «գողությունը» կանխելու։ «Սաուդական օրենքներով եթե այնտեղ ռեզիդենտ ես դառնում և 6 ամիս չես լինում այդ երկրում, էլ չես կարող մտնել այդ երկիր։ Նորից մտնելու համար ընկերությունը պետք է դիմի, վիզա ստանաս նորից, որ կարողանաս մտնես։ Այդ ժամանակահատվածում, երբ խնդիրներն առաջացել են, իմ 6 ամիսը լրացած է եղել։ Լևոն Դոնանյանը պետք է դիմեր, որ փաստաթուղթը գար, ես վիզա ստանայի, գնայի, ինքը չարեց»,- ասում է Վահե Բալբաբյանը։

Լևոն Դոնանյանն իր հերթին պնդում է և «Հետքին» ուղարկել է մի շարք փաստաթղթեր և նամակագրություններ, որոնք փաստում են, որ Վահե Բալբաբյանը վիզա ունեցել է, բայց չի գնացել Սաուդյան Արաբիա։ Ավելին՝ Դոնանյանը պնդում է, որ ունի փաստաթղթեր, որոնք կհրապարակի, եթե Վահե Բալբաբյանն իր գումարը չտրամադրի։ «Իր ասածը խնդալիք է։ Եթե ես իր ապրանքը գողացել եմ, ինչո՞ւ ինքը չի գալիս և ինձ դատի տա, այլ ես եմ իրեն դատի տալիս և շահում։ Ինչո՞ւ է փախել Հայաստան»,- ասում է Լևոն Դոնանյանը։

«Հետքը» կհետևի Վահե Բալբաբյանի և Լևոն Դոնանյանի վեճի զարգացումներին։

[1] «Տելեմարկետ» ՍՊԸ-ի հիմնադիր Վահե Բալբաբյանի հետ մեր հարցազրույցի ընթացքում վերջինս խոստացավ նույն օրը վճարել բոլոր սիրիահայ աշխատակիցներին։ Այսօր սիրիահայ երեք աշխատակիցների, այդ թվում՝ Սալբիին, կանչել են գրասենյակ և վճարել որոշակի գումար։ Սալբին ստացել է 44 հազար դրամ, իսկ բոնուսների համար խոստացած մոտ 150 հազար դրամ գումարն այդպես էլ չեն վճարել։

© Hetq.am