• August 27, 2020

«Վարչապետը չի հետաքրքրվել այդ արտառոց դեպքով»․ Ժաննա Ալեքսանյանը՝ Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի մասին

«Վարչապետը չի հետաքրքրվել այդ արտառոց դեպքով»․ Ժաննա Ալեքսանյանը՝ Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի մասին

«Երբ փետրվար ամսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դաժան ծեծի և դանակահարության ենթարկվեց Վահագն Աբգարյանը, էլի մենք էինք առաջինը հրապարակել և եթե մենք չհրապարակեինք, հնարավոր է՝ աղմուկ չլիներ և որևէ մեկը չիմանար»,

– Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավայրում տեղի ունեցած մահափորձին է երեկ անդրադարձել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը։ Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների նկատմամբ բռնությունների վերաբերյալ Մեդիա կենտրոնում տեղի ունեցած առցանց քննարկման ընթացքում իրավապաշտպանը հիշեցրել է այս տարվա փետրվարին տեղի ունեցած միջադեպի մասին։

«Վահագն Աբգարյանի դեպքը արտառոց էր, քրեական գործ է հարուցվել, սակայն 6 ամիս անց ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, երբ որ փակ համակարգում այդ ամենը պարզելը րոպեների հարց է ուղղակի, քանի որ բոլորը գիտեն, թե ով ինչ է արել։ Եվ ի՞նչ արեցին, ընդամենը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին տեղափոխեցին «Գորիս» ՔԿՀ, այնտեղ դարձրեցին պետ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը զարմացած է, որ վարչապետը գեթ մեկ անգամ չի հետաքրքրվել, թե ինչ ընթացք է ստացել այդ քրեական գործը․ «Ես որքան տեղյակ եմ, Գլխավոր դատախազը ներկա է լինում Կառավարության նիստերին, երբ տեղի ունեցավ փետրվար ամսին Վահագն Աբգարյանի նկատմամբ մահափորձը, մի անգամ վարչապետը հարցրե՞լ է դատախազին, այդ արտառոց դեպքը, որ տեղի է ունեցել, ինչ ընթացք է ստացել։ Ինչպե՞ս հավատամ, որ հիմա իրենք նյութեր են նախապատրաստում, երբ որ այն դեպքով ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ կա։ Այսինքն՝ մեռած է այդ գործը, դա Գլխավոր դատախազին պետք չէ։ Գլխավոր դաատախազն ինքն է որոշում, թե որ գործը բացահայտի, որը չբացահայտի, որին ընթացք տա»։

Տիկին Ալեքսանյանը չի հիշում նախկին իշխանությունների ժամանակահատվածում այդպիսի դեպք, երբ կալանավորին կարող էին դանակահարել, ինչպես դա եղել է Վահագն Աբգարյանի դեպքում, նա դանակի վնասվածք է ստացել գլխի հատվածում։

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ եթե այդ գործը չի բացահայտվում, նշանակում է՝ կրկնվելու են բռնության այսպիսի դեպքերը։ «Չկա դատախազական վերահսկողություն, չկա պատգամավորական վերահսկողություն, որևէ արձագանք «Իմ քայլից», սա մարդկային բան է, գնացեք, տեսեք այդ մարդկանց վիճակը, որևէ մեկը չի գնում, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր ժամանակ գնում էր պարբերաբար և մենք իրենից էինք տեղեկանում, թե ինչ է կատարվում կալանավայրում»,- հիշում է իրավապաշտպանը։

Տիկին Ալեքսանյանը նկատում է միտումներ, որ հիմա քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող հանցագործությունները ավելի շատ են փակվում ու կոծկվում, քան նախկինում։ «Ես խիստ քննադատում եմ Արդարադատության նախարարին, թող հրաժարվի, որ քրեակատարողական հիմնարկներն իր ենթակայության տակ են։ Մենք գիտենք, որ դա միշտ մի ինքնուրույն կառույց է եղել, և միշտ ինչ ուզել, արել են, ում ուզել են, ծեծել են, բայց հիմա հեղափոխություն եք արել, պարոննե՛ր, հրաժարվե՛ք բռնությունից։ Ես համարում եմ քրեակատարողական հիմնարկներում վիճակը խիստ մտահոգիչ»։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը ապշած է, որ 28-ամյա Ռուստամ Բադասյանը «չի նկատում», թե ինչ է տեղի ունենում քրեակատարողական հիմնարկներում։ «Ռուստամ Բադասյանը, որը պետք է խորշեր բռնությունից, պետք է ընդվզեր բռնության դեմ, մերժեր, ես համարում եմ հիմա, որ նա փաստորեն աչքերը փակում է, թե ինչ է տեղի ունենում քրեակատարողական հիմնարկներում, արտառոց դեպքեր և ոչ մի բացատրություն հանրությանը։ Եվ նրան էլ չեն հարցնում, վարչապետից սկսած, թե էդ ինչ եք անում, ում եք ծեծում, ով է այդ ցուցումը տալիս»։

Իրավապաշտպանը բացասական է գնահատում հեղափոխությունից հետո իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում, կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, բացահայտ անտարբերությունը իշխանությունների կողմից։ «Ես չէի պատկերացնում, որ երիտասարդ իշխանությունը չի խորշում բռնությունից»,- ասում է տիկին Ալեքսանյանը։

Նրա կարծիքով՝ քրեական ենթամշակույթ կրում են նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իսկ Գլխավոր դատախազությունը ձևական քրեական գործեր է հարուցում․ «Բայց մարդիկ են տուժում՝ ֆիզիկապես և հոգեպես։ Պետք է ցանկություն ու քաղաքական կամք լինի՝ փոփոխություններ անելու։ Բացարձակապես ոչինչ չի փոխվել, և ես չգիտեմ՝ կփոխվի, թե ոչ։ Հեղափոխությունն իր հետ արժեքներ չի բերել, ես չեմ տեսնում արժեքային համակարգով աշխատող իշխանությունների, պաշտոնատար անձանց և ցավում եմ դրա համար, որովհետև մեր զգացումները շատ վսեմ էին այդ օրերին և մեր ակնկալիքները շատ մեծ էին։ Ես կոչ եմ անում վարչապետին՝ թո՛ւյլ մի տվեք բռնության ենթարկել մարդկանց, հատկապես փակ համակարգերում, անպաշտպան մարդուն 20 հոգով մի՛ ծեծեք, դա բարբարոսություն է, այդտեղ ոչ մի արժեք չկա»։

Քննարկման տեսանյութն ամբողջությամբ հասանելի է այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=bEey28oRmEE&feature=youtu.be&fbclid=IwAR07O_urQVmjd4aVwsiiBPeBqfWx6_vp2eO5jvzGlGW_GtfJAZFxXiY2k4Y

Արման Ղարիբյան