• December 6, 2018

Վարորդը ՊՆ-ից 14 տարի աշխատավարձ է ստացել, բայց ծառայել է Լևոն Սարգսյանին

Վարորդը ՊՆ-ից 14 տարի աշխատավարձ է ստացել, բայց ծառայել է Լևոն Սարգսյանին

ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հատուկ նշանակության վաշտի հատուկ նշանակության դասակի ռազմական ոստիկան-վարորդը շուրջ 14 տարի՝ 2004 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 17-ը, չի հաճախել աշխատանքի և չի կատարել աշխատանքային իր պարտականությունները։ Փոխարենը, վերջինս անձնական վարորդի ծառայություններ է մատուցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լ.Սարգսյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ համապատասխան ընթացք չեն տվել զինծառայողի աշխատանքի չհաճախելու հանգամանքին, ավելին՝ նրան վճարվել է աշխատավարձ, փոխհատուցվել արձակուրդի գումարը, իսկ 2018 թվականի մայիսի 17-ին հատկացվել արձակման նպաստ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով պահեստազոր արձակվելու կապակցությամբ:

Քննության արդյունքներով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով, առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© Lurer.com