• March 11, 2019

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը չվերացվեց. դատարանը մերժել է բողոքը

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը չվերացվեց. դատարանը մերժել է բողոքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր մերժել է Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշման դեմ ներկայացրած բողոքը։

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ակնհայտ անհիմն եւ չպատճառաբանված է որակում: Նա նախորդ նիստին մոտ մեկ ժամ ներկայացրել էր բողոքը եւ խնդրել դատարանից վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզման որոշումը:

Այս բողոքի դեմ առարկել էր թե՛ հսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը եւ թե՛ գործով քննիչ Հրաչ Մուշեղյանը:

Նշենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս 2018 թ. հոկտեմբերին, նրան որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո:

Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար:

© Armtimes.com