• July 4, 2020

Սրանք միջին եկամուտ ունեցող ընտանիքների առջև ծառացած լուրջ խնդիրներ են

Սրանք միջին եկամուտ ունեցող ընտանիքների առջև ծառացած լուրջ խնդիրներ են

Կառավարության սխալները կամ կոռուպցիոն թաքստոց համաճարակի ժամանակ։ Ի՞նչ մեխանիզմներ են գործում կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Քաղաքացին տուգանելու մատերիալ չէ։» Սա մեջբերում է վարչապետ Փաշինյանի կողմից ոչ վաղ անցայլում արված հայտարարությունից։

Արդյո՞ք այս սկզբունքին հավատարիմ են աշխատում այս օրերին պատկան մարմինները: Մենք միայն լսում ենք հայտարարություններ և բազմաբովանդակ ծանուցումներ մեր պարտավորությունների մասին, սակայն ցանկացած գործընթացի հիմքում փոխհարաբերությունն է, եթե պարտավորություն, ապա` իրավունք էլ: Դիտարկենք` մարդը, Covid19 թեսթ է հանձնել, պատասխանը դրական ստանալուց հետո, հետևելով պարետի ցուցումին` ինքնամեկուսացվել է, բայց կա կենցաղն ապահովելու ամենապարզ պահանջմունքը: Պարետատնից հորդորում են տնից դուրս չգալ, այլապես կա սահմանված տուգանք 250,000 դրամի չափով, բայց բարձրացված հարցերն այդպես էլ անպատասխան են մնում` ինչպես կատարել առօրյա գնումները, ինչպես գնել բժշկի կողմից նշանակված դեղերը, ինչպես ինքնամեկուսանալ, եթե տանը, ասենք, հնարավորություն չկա առանձին սենյակում մնալու։ Ուղղորդում են սոց. նախարարություն 011 300 114, այնտեղից էլ ասում են` «մենք ո՛չ դեղորայքով կարող ենք աջակցել, ո՛չ սննդով, դիմեք տեղական կառավարման մարմիններին»։ Մարդը, ստիպված, վտանգելով իր և մյուսների կյանքը` դուրս է գալիս տնից, հոգում օրվա անհրաժեշտ կարիքները` վտանգ հանդիսանալով հասարակության համար, (եթե իհարկե չի գնում աշխատանքի, ասենք` տաքսի վարելու, որովհետև նմանօրինակ դեպքեր էլ արձանագրվեցին, որ վարակված վարորդը տաքսի է վարել, օրվա հաց վաստակելու համար, ու արդյունքում հնարավոր է վարակել է մի շարք մարդկանց, որոնք օգտվել են տաքսու ծառայություններից): Արդյունքում դեղորայքի գները, մարդու ինքամեկուսացման ժամանակահատվածը, աշխատանքից զրկված լինելը, խորը ընկճախտն ու ներքին վախը դարձյալ մնում են ՀՀ քաղաքացու ուսերին: Եվ սա այն դեպքում, երբ Covid19 –ի դեմ պայքարի միջոցառումները կազմակերպելու համար միջազգային կառույցներից ու պետություններից` սկսած համաշխարհային բանկից, վերջացրած եվրոպական մի շարք երկրներով, նյութական աջակցություն ենք ստացել` չհաշված հատուկ ստեղծված հաշվեհամարը, որին մարդիկ փոխանցումներ են արել նույնիսկ իրենց չնչին աշխատավարձերից, որը լրատվամիջոցների հրապարակած գումարի չափը կազմում է` 942 456 141 դրամ: Այս գումարների օգտագործման հաշվետվությունը լրագրողները մեկ անգամ չէ, որ պահանջել են, սակայն այդպես էլ չեն ստացել։ Ո՞ւր են գնում այս ողջ ֆինանսական միջոցները։ Բացի դրամական փոխանցումներից տարբեր կազմակերպություններ, անհատներ, այդ թվում` արտերկրից, հիվանդանոցային պարագաներ, բժշկական սարքավորումներ, պիտույքներ, դեղորայք են փոխանցել։ Դարձյալ ոչ մի հաշվետվություն։ Պարետատունը, փաստացի, չիրականացրեց իր ուսերին դրված ամենակարևոր գործառույթներից մեկը` մուտքերի ու ծախսերի, իրացման թափանցիկության ապահովումը։ Վարակված մարդուն տնից դուրս գալու համար ի՞նչ տրամաբանությամբ կարելի է տուգանել, բայց չապահովել օրվա համար անհրաժեշտ ուտելիքն ու դեղորայքը։ Սրանք միջին եկամուտ ունեցող ընտանիքի առջև ծառացած լուրջ խնդիրներ են: Տուգանքներն ու հարկերն էլ օրեցօր ավելանում են. չէ՞ որ այդպես են գոյանում պետական աշխատողների աշխատավարձերը, պարգևավճարները, այն դեպքում, երբ, ստացվում է, հարկատուն նույնիսկ չգիտի, թե այդ տուգանքից գոյացած գումարներն ինչ հիմունքներով են ծախսվում։ Չկա հաշվետվություն, բայց կա մի ծեծված խոսք, թե իշխանություններն աշխատում են ՀՀ քաղաքացուց ոչինչ չթաքցնելով, ավելին` ազնիվ ու թափանցիկ։

 

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան