• February 18, 2021

Սա իրենց վախերի պատճառով է․ իրավապաշտպանը՝ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելն ու զրպարտելը քրեականացնելու մասին

Սա իրենց վախերի պատճառով է․ իրավապաշտպանը՝ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելն ու զրպարտելը քրեականացնելու մասին

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատախազության հեղինակած նախագիծը,

ըստ որի՝ զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ նման առաջարկ 2019 թվականին ներկայացրել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Մասնագետների կողմից դատախազության հեղինակած առաջարկը միանշանակ չի ընդունվել և լայն քննարկման առարկա է դարձել։ Կասկածի տակ է դրվում  նախագծի ռացիոնալությունը։

Հարցի շուրջ 365news.am-ը զրուցել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի և իրավաբան Դավիթ Գևորգյանի հետ։

Մարինա Պողոսյանն ասաց, որ նախագիծն ընդհանրապես ռացիոնալ չէ և իր մոտ տպավորություն է, որ Բերիան չի մահացել ու վերադարձել է դատախազություն: Իրավապաշտպանը նախագիծը գնահատեց որպես խոսքի ազատության ճնշում։

«Ինչի՞ց են իրենք վախենում, եթե ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան ասել պաշտոնատար անձի մասին, որն իրականությանը չի համապատասխանում, ապա մենք Քաղաքացիական օրենսգիրք ունենք, կարող են պատիվ, արժանապատվությունով, զրպարտանքով, վիրավորանքով մտնեն դատարան: Եթե իրենք անում են հանցագործություններ, որոնց մասին մարդն ուզում է բարձրաձայնել, այս նախագծով ուզում են մարդկանց բերանը փակել:

Ես գտնում եմ, որ սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և մի իշխանություն, որն անում է «թավշյա հեղափոխության» և ժողովրդավարական ճանապարհով է գնում, նման մեթոդներ կիրառելը անթույլատրելի է: Վարչապետն ասում է, որ մեզանից մեկն է, այդ դեպքում՝ սա ի՞նչ խտրական վերաբերմունք է: Ես նորից եմ ասում, որ սա իրենց վախերի պատճառով է»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Իրավաբանը նույնպես կողմ չէ քրեականացմանը:

«Կապ չունի՝ իշխանությանը վիրավորել են, թե՝ չէ, առհասարակ այդ երևույթը եթե կարգավորվի, շատ ավելի լավ կլինի, քրեականացմանը ես այդքան էլ կողմնակից չեմ, պարզապես կարելի է վարչական պատասխանատվությունների և որպես այդպիսին եթե կան, ավելի խստացնել՝ սահմանել վարչական տուգանք ու ավելի հետևողական լինել, որպեսզի վարչական հարուցված վարույթները հասնեն իրենց նպատակին»,- եզրափակեց Գևորգյանը։

©https://www.365news.am/