• November 26, 2018

Ռուզաննա Բեգլարյանն ասաց՝ կա՛մ 40 միլիոն տուր, կամ ինքնասպան եղիր. «Յանսի» նախկին հաշվապահի բացառիկ հարցազրույցը «ՀԺ»-ին

Ռուզաննա Բեգլարյանն ասաց՝ կա՛մ 40 միլիոն տուր, կամ ինքնասպան եղիր. «Յանսի» նախկին հաշվապահի բացառիկ հարցազրույցը «ՀԺ»-ին

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Սերժի Վաչո անունով հայտնի Վաչագան Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ»-ին:

Նա մեր զրույցում պատմել է, թե ինչպես է Վաչագան Ղազարյանի կինն իրենից 40 միլիոն դրամ պահանջել, կամ առաջարկել ինքնասպան լինել:

Արիստակեսյանի կողմից ենթադրյալ հափշտակության դեպքը տեղի է ունեցել դեռեւս մեկ տարի առաջ: Այս դեպքի մասին հայտնի դարձավ միայն այս տարվա ամռանը, երբ ընկերությունում քննիչի որոշմամբ՝ ոստիկանությունը սկսեց խուզարկություններ իրականացնել թե՛ «Յանս» ակումբում եւ թե՛ Վաչագան Ղազարյանի բնակարանում:

Հայտնի դարձավ, որ հաշվապահի դեմ 2017 թվականին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը՝ որպես հափշտակված գումարի չափ նշելով 25 միլիոն դրամ:

«Յանս» ակումբի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի հետ զրույցը ստորեւ.

– Տիկին Սուսաննա, ձեզ մեղադրում են հափշտակություն կատարելու համար: Ընդունո՞ւմ եք առաջադրված մեղադրանքը, թե՝ ոչ, ի՞նչ դիրքորոշում ունեք:

– Առաջին իսկ օրվանից մեղադրանք է առաջադրվել ընկերությունից 25 միլիոն դրամ հափշտակելու համար: Տնօրենը (Սերգեյ Կարապետյանը հեղ,-) ինձ բացատրեց, որ գրել ենք այնքան, որ տունդ վաճառես տաս: Առաջին իսկ պահից Ռուզաննա Բեգլարյանը կանչեց իր աշխատասենյակ եւ ասաց, որ ես պետք է իրեն տամ 40 միլիոն դրամ, կամ պետք է 40 միլիոն տամ, կա՛մ պետք է ինքասպան լինեմ, կա՛մ պետք է նստեմ: Ամուսինն էլ, ըստ կնոջ՝ ասել է՝ ես ե՛ւ պետք է նստեմ ե՛ւ պետք է գումարը տամ: Իսկ Վաչագան Ղազարյանը ամուսնուցս պահանջել էր 20 միլիոն դրամ, տնօրենը գրել էր 25 միլիոն, Ռուզաննա Բեգլարյանը՝ 40 միլիոն: Վաչոն ամուսնուս ասել էր՝ եթե չտաք 20 միլիոնը, մեկա՝ տանելու եմ, հետո ստեղ-ընդեղ չասեք, որ գռուզիտ արեց տարավ:

– Ի սկբանե խնդիրն ի՞նչից էր առաջացել եւ որքա՞ն գումարի մասին է խոսքը:

– Ի սկբանե խնդիրն առաջացել է 80 հազար դրամի վերաբերյալ կտրոնից: Դրամարկղս ստուգելուց տեսա, որ 80 հազար դրամ պակասում է, դա Վաչագան Ղազարյանի կերածի գումարն էր, ինքը սովորաբար իր պատվիրված սննդի համար չէր վճարում։ Սովորաբար ինձ ընդհանրապես չեն տալիս գումարը, այն միշտ մնում է մենեջերի մոտ: Տնօրենը իմանալով, որ ես հաճախակի մոռանում եմ, բերեց գումարը, ժամը 5-ի կողմերը տվեց, ես դրեցի կասսայի, մեջ դուրս եկա: Դրանից հետո ես կասսայից գումար եմ տվել ու մոռացել եմ ֆիքսել, երբ բացեցի կասսաս, տեսա՝ 80 հազար դրամը չկա, էդ կտրոնը ես ջնջեցի: Առաջին պահից ես չեմ էլ հրաժարվել, ասել եմ՝ ճիշտ է, ես կտրոնը ջնջել եմ, բայց ես կասսայից գումար չեմ վերցրել: Այսինքն՝ թեկուզ կտրոնը ջնջվել է, սակայն գումարը ամեն դեպքում մնացել է դրամարկղում, հետեւաբար չէր կարող դա յուրացում համարվել։ Ինձ ընդհանրապես չեն թողել ո՛չ խոսեմ, ո՛չ արտահայտվեմ, ո՛չ կասսայի ստուգում անեմ, ո՛չ ընդունում-հանձնում անեմ: Ոչ մի կերպ ինձ թույլ չեն տվել ես էդ հիմնարկը մտնեմ: Ռուզաննա Բեգլարյանն ինձ ասաց, որ ես իշխանության գլուխ եմ, տալու ես 40 միլիոն դրամ, քեզ սարքելու եմ բոմժ, քցեմ Ռուսաստանի քուչեքը: Եվ մենք ստիպված վաճառեցինք մեր տուն-տեղը, որպեսզի ես չհայտնվեի «Աբովյան» ՔԿՀ-ում: Մինչ օրս չի ապացուցվել ոչինչ: Քննիչ Դավիթ Կիրակոսյանը կատարել է պատվեր մինչեւ վերջին օրը: Իրենք ինձնից շորթել կորզել են 40 միլիոն դրամ, սպառնացել են, որ ինձ եւ իմ երեխային կվնասեն, մենք ստիպված ճարահատյալ մեր ողջ ունեցվածքը ծախել ենք, տվել իրենց: Ո՛չ քննիչին, ո՛չ դատախազին չի հետաքրքրել՝ ինչի՞ համար է հայցը ներկայացված 25 միլիոն, բայց մեղադրյալը վճարել՝ 40 միլիոն դրամ: Ընդ որում, 25 միլիոն դրամի հափշտակությունը մինչ օրս չի ապացուցվել, դա լրիվ կեղծ է:

– Ովքե՞ր են սպառնացել վնասել ձեզ եւ ձեր երեխային:

– Ինձ սպառնացել են, որ եթե գումարը չտաս, ապա դու չգիտես՝ ինչ կլինի քո ու քո ընտանիքի հետ: Ինձ ասել է մեր աշխատողը եւ տնօրեն Սերգեյը, որ եթե գումարը չտաք, դուք շատ լավ գիտեք՝ ում հետ գործ ունեք:

– Տիկին Սուսաննա, ինչո՞ւ էին ձեր դեմ տրամադրված, չէ՞ որ դուք 2012թ.-ից աշխատում եք իրենց մոտ որպես հաշվապահ:

– Ես իրենց հետ շատ երկար եմ աշխատել, գուցե պատճառն այն էր, որ ես իրենց պատասխանել եմ, իրենք չեն սիրում, որ իրենց պատասխանում են: Ես իրենց ասել եմ, որ ես ոչինչ չեմ վերցրել եւ տալու ոչինչ չունեմ, իմ բառերից անմիջապես հետո ինքը պահանջեց կամ 40 միլիոն կա՛մ ինքնապանություն, կա՛մ նստել: Տնօրեն Սերգեյ Կարապետյանը ինձ պարբերաբար նաեւ ասել է, որ Սերժի, Վաչոյի մասին հակաբաներ եմ խոսել, որը ձայնագրություններում կա, ասաց, որ անընդհատ ջնջում ենք, որ իրենք (Վաչագան Ղազարյանն ու նրա կինը,-հեղ.) չիմանան, որովհետեւ չես պրծնի իրենց ձեռքից:

– Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սկսվեցին «Յանսում» ստուգումները, դուք հեղափոխությունից հետո՞ եք նրանց դեմ ցուցմունք տվել, թե՝ առաջ:

– Մինչ այդ տվել էի ցուցմունքներ, ընթացք չէր ստացել, ապրիլին փորձաքննության եզրակացութունն էր ստացվել, որից պարզ երեւում էր, որ ես այնտեղից ոչ մի կոպեկ չեմ կորզել: Դրանից հետո, երբ իշխանափոխություն եղավ, ես սկսեցի բողոքներ գրել ե՛ւ պարոն Փաշինյանին, ե՛ւ ԱԱԾ տնօրենին ե՛ւ Արդարադատության նախարարությանը: Մի տարի, 4 ամիս քննիչ Դավիթ Կիրակոսյանը ոչինչ չէր արել, բողոքներից հետո նոր սկսեցին իրենք ինչ-որ քայլեր անել: Քննիչը ինձ բացատրեց, որ դրանից առաջ ինչ եղել եղել է հետայսու գործը կքննվի ազնիվ ձեւով: Մի տարի 4 ամիս տեւած նախաքննության ընթացքում ոչ հաշվապահական փաստաթղթերն էին առգրավում, ո՛չ համակարգիչները, իմ բողոքի հիման վրա նոր Դավիթ Կիրակոսյանը առգրավեց համակարգիչները: Խուզարկությամբ Ռուզաննա Բեգլարյանի բնակարանից հանել էին երեք հատ կոշտ դիսկ, որն իրենց համակարգիչների դիսկերն է եղել, որով եւ իրենք կեղծիք են արել, այսինքն ուրիշ դիսկեր էին տվել նախաքննական մարմնին՝ իրականությունը թաքցնելու համար: Խուզարկությամբ նաեւ հայտանբերվել է 40 միլիոնի ստացականը, որի մեջ գրված է իբրեւ վնասի հատուցում:

– Ձեր եւ Ռուզաննա Բեգլարյանի միջեւ առերես հարցաքննություն տեղի ունեցե՞լ է:

– Պահանջել եմ առերեսում, բայց մի տարի 4 ամիս հետո են առերեսել: Առերես հարցաքննության ժամանակ Բեգլարյանը առանց ամաչելու ասաց, որ ինձ չի ճանաչում: Մենք ունենք ձայնագրություններ, որտեղ ապացուցվել է իմ անմեղությունը: Կան նաեւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ տնօրենի եւ հաշվետարի հետ, մասնավորապես տնօրենի հետ խոսակցություններում երեւում է, որ ես անմեղ եմ:

– Տիկին Սուսաննա, օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Յանսում խոշոր չափի հարկային չարաշահումներ են հայտնաբերվել: Այդ մասին դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

– Ես օպերատիվ խմբի հետ մասնակցել եմ ստուգումներին, տեղյակ եմ այդ ամեն ինչից: Ընկերությունը սեւով էր աշխատում, իրենք իշխանության գլուխ էին, հիմնարկությունում հարկային մարմինների կողմից ոչ մի անգամ ստուգում չի եղել: Ես ընդամենը աշխատել եմ «Սելենա» ՍՊԸ –ում՝ 230 քառակուսի մետրում, ամբողջ հիմնարկում գործունեություն իրականցրել են Ռուզաննա Բեգլարյանը եւ Սերգո Կարապետյանը, ես էնտեղ ընդամենը կատարող եմ եղել, ինձ ասել են՝ գումարները ընդունի, ես ընդունել եմ: Ռուզաննա Բեգլարյանը միշտ ասել է՝ մենք պատասխանատու չենք ոչ մեկին, ինչ ուզնենանք՝ այն էլ կանենք:

– Այժմ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Այս պահին գործը տեղափոխվել է ՀՔԾ, ես հուսով եմ, որ տեղի կունենա արդար քննություն եւ ես համոզված եմ, որ ես իմ անմեղությունը կապացուցեմ:

© Armtimes.com