• September 16, 2019

Պետք է բացատրություն տրվի․ ում էր ուղղված Վանեցյանի «նամյոկը»

Պետք է բացատրություն տրվի․ ում էր ուղղված Վանեցյանի «նամյոկը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիր է ստորագրել։

Գրեթե մեկ տարի առաջ դուք պահանջել էիք Արթուր Վանեցյանի հրաժարականը։ Ձեզ համար հիմա պարզ է, թե ԱԱԾ տնօրենն ինչու է ազատվում պաշտոնից․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Գիտեք, շատ հետաքրքիր է՝ անցած տարվա կանխատեսումներս հերթով իրականանում են։ Մեկը քրեական հեղինակությունների վերաբերյալ օրենքն է։ Մյուսը հաջորդեց Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան զրույցին։ Ինձ համար դա շոկ էր և նաև նվաստացուցիչ, որովհետև երկրի ԱԱԾ տնօրենը չի կարողանում ինքն իրեն պաշտպանել գաղտնալսումներից։ Խոսակցություն եղավ, որ էդտեղ ռուսական հետք կա։ Էստեղ հետքը չի կարևոր, իսկ եթե նույնիսկ ռուսական՝ էլ ավելի տխուր։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ մեր երկրի ազգային անվտանգությունը չի կարողանում ապահովել այդ ծառայությունը։ Մենք էլ էս ազգի մի մասնիկն ենք, այսինքն՝ մեր անվտանգությունը ևս պետք է վտանգված լիներ։

Ինձ համար նորմալ չի, որ իրավունքի և օրենքի գերակայության երկրում դատարանի վրա ճնշում է գործադրվում․ խնդրում եմ Քոչարյանի պաշտպաններին այս բառերիցս հետո չակտիվանալ։ Բայց իրականում սա ինձ համար անընդունելի էր։ Ճիշտն ասած՝ ես Վանեցյանի դեմ անձամբ ոչինչ չունեմ․ շատ հաճելի, համակրելի արտաքինով երիտասարդ է։ Վանեցյանն արեց բավականին գործընթացներ, որը վերաբերվում էր ոչ ազգային անվտանգության ծառայությանը, այլ 6-րդ վարչության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության գործընթացին։ Այսինքն՝ այդ աղմկահարույց շոուները, որ եղան, մեծ մասը չհասան իրենց տրամաբանական ավարտին։

Դավիթ Սանասարյանի գործին էլ կուզենայի անդրադառնալ։ Ամեն մարդ ունի իր ենթադրությունները։ Դավիթին ես ճանաչում եմ որպես պայքարող տեսակ, և երբեք չեմ հավատացել, որ նա կարող է նման գործառույթների մեջ խառնված լիներ։ Ես սա հակամարտություն եմ միշտ դիտարկել, և ասել եմ, որ կամ Դավիթը կմնա, կամ Վանեցյանը։ Ես հավատում եմ, որ Դավիթն արդարացվելու է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 1in.am