• July 14, 2022

Պարգեւավճարը կոռուպցիա «չէ»

Պարգեւավճարը կոռուպցիա «չէ»

Կրկին ու կրկին պարգեւավճարներ ոչնչի դիմաց, կամ ինչպես ասում են` աշխատողի մալը` չաշխատողին հալալ է։

Դա ՀՀ հպարտ քաղաքացու ու այդ քաղաքացիների կողմից ընտրված երեսփոխանների մասին է։ ՀՀ հպարտ քաղաքացին պետք է աշխատի, իսկ երեսփոխանները պարգեւավճարներ ստանան։ Տեղից էլ բարձր աշխատավարձ են ստանում, բայց դա բոլորովին կապ չունի պարգեւավճարի հետ։ Զավեշտ է, բայց դե ունենք այն, ինչ ունենք, ու լուռ ենք ու խաղաղ ինչպես ձուկը ջրում։ Բայց այս դեպքում էլ ոչինչ չանելու դիմաց, տոներ են գտնում, որ պարգեւավճարներ դուրս գրեն, ու գրպանեն։ Առաջ դա կոչվում էր կոռուպցիա։ Բայց քանի որ 2018թ.-ից այս կողմ այլեւս կոռուպցիա չկա, համենայնդեպս այդպես վկայակոչում ու հաստատում են իշխանությունները, ապա երկրում ինչքան էլ, որ խորհրդարանական ճգնաժամ է, այնքան շատ պետք է իշխող կողմը պարգեւատրվի, որովհետեւ վաղը չգիտես ինչ կլինի, իսկ երեսփոխանների ծախսերը շատ են, չէ` շատ,շատ, շատ են։ Ծափ տալու, շեֆերին հաճոյանալու, աղի եւ աղամանի մասին օրենքներ գրելու, չծխելու, իրենց սպորտային ակումբներ տեղավորելու, եւ այլնի դիմաց, իսկ այ համաճարակի օրերին, որ մի օրում վերջացավ մահացու պատմությունը համաճարակի, անգամ այդ ծանր օրին պարգեւավճարը դարձավ իշխող կուսակցության համար առաջին անհրաժեշտություն։ Իսկ բժիշկները մնացին չոր աշխատավարձի ու 24- ժամյա ծանր աշխատանքին։ Էլ չենք ասում պատերազմի օրերին եւ դրա հետեւանքներով ծանր վիճակում գտնվող վիրավոր զինվորների, հետագայում ծանր հիվանդությունների, արցախահայությանը բանատեղ չդնելու, տներից զրկելու, դրսերում թողնելու ու մի շարք խնդիրների համատեքստում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգեւավճարներ են ստացել, որի ընդհանուր ֆոնդը կազմել է, ուշադրություն 48 միլիոն 811 հազար 320 դրամ։ Մամուլից տեղեկանում ենք, որ այդ պարգեւավճարի գումարի չափը միայն իշխող խմբակցությանն է վերաբերվում, որովհետեւ ընդդիմությունը չի պարգեւատրվել։

Սկզբում պարգեւատրումները հասարակության լայն շերտերի մոտ բացասական արձագանք էր ստանում, ու, հիմա այն սովորական լուր է դարձել։ Կարդում ենք ու անցնում առաջ։

Առաջներում, չէ, ինչպես իշխանությունն է սիրում ասել նախկիններ, որ իրենց արդարացնեն ցանկացած հարցում, կար «լեւի» աշխատավարձեր, որ լավագույններին փոխհատուցում էին ինչ-ինչ ծառայություններ մատուցելու համար։ Հիմա ամեն ինչ բաց ու թափանցիկ է արվում, բայց մի տարբերությամբ, որ նախկինների «լեւի» աշխատավարձերի ֆոնին, բաց ու թափանցիկ աշխատող իշխանությունները առանց թաքցնելու ահռելի գումարներ են իրենք իրենց համար դուրս գրում ու ստանում։ Դե մարդիկ վարկով տներ են գնել։ Պետք է տան հարցերը շատ արագ կարգավորել։ Եվ դա կոռուպցիա չէ բնավ։ Իշխանությունն է փոխվել, բառերն էլ հետը ավելի համերաշխ են դարձել, ինչպես որ 2018-ին սեր էին յանի քարոզում։ Պետության ու քաղաքացիների գրպանից գումարները ուղիղ երեսփոխանների գրպանը լցվելու ու հաճույքներ ապահովելու համար են իշխում։ Ու չենք հիշում մի նախագիծ, որ կյանքի կոչվի ՀՀ հպարտ քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու համար։ Կարեւորը ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի անդամները ճոխ ապրեն, ջհանդամին թե ՀՀ հպարտ քաղաքացիների կյանքը չի ծանրացել, եւ ոչ միայն` աշխատավարձը մնացել է նույնը, իսկ այ օրվա ծախսերը եռապատկվել։ Հիշեցնենք, որ վիրավոր ու հաշմանդամություն ունեցող զինվորներ ունենք, որոնց թոշակները կտրում են առանց պատճառաբանելու պատճառները։ Ասենք, թեւ ու ոտք չունեցող զինվորի թեւը պիտի աճի՞, թե՞ ոտքը, որ հաշմանդամության թոշակից են զրկում։ Ինչ որ է` արդար է, արդար է ժողովուրդ ջան։