• November 13, 2018

Ովքե՞ր են ցանկանում գնել Բաղդասարովի բենզալցակայանները․ նոր խաղացողներն ի՞նչ կապ ունեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ովքե՞ր են ցանկանում գնել Բաղդասարովի բենզալցակայանները․ նոր խաղացողներն ի՞նչ կապ ունեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ, անդրադառնալով բենզինի գրեթե մենաշնորհային ոլորտին, հայտարարեց, որ բանակցություններ են տարվում օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են «Միկա» ընկերության բենզալցակայաններով։Եվ հավելեց՝ սպասվում է, որ մոտ ապագայում այս ոլորտում շուկա կմտնեն նոր խաղացողներ։

Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց, թե օտարերկրյա ո՞ր ընկերությունների հետ են բանակցում, կամ՝ ո՞ր երկրների ընկերություններն են դրանք։

Ինչպես հայտնի է, մեր երկրում մոտ երկու տասնամյակ բենզինի ներկրումն ու իրացումը տեղի է ունեցել խիստ վերահսկելի և գրեթե մենաշնորհային պայմաններում։ Երկար տարիներ որևէ պատահական գործարար այդ շուկա մտնելու իրավունք չի ունեցել։ Այդ բիզնեսը հանձնվել է մեկ-երկու ընկերության։ Նույն «Միկա» ընկերությունը եղել է դրանցից մեկը, բայց սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ միասին շուկայից դուրս է մղվել։ Հիմա, ինչպես հայտնի է, բենզինի շուկայում գործում են երկու հիմնական ընկերություններ՝ «Ֆլեշը» և CPS»-ը։

Ֆլեշը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին, որը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է։ CPS-ի դեպքում այդպիսի հովանավորությունն այնքան էլ ակնհայտ չէ, բայց կարծիք կա, որ ընկերության նախագահ Աշոտ Սալազարյանը զերծ չէ նման կապերից։ 2016թ․ բենզինի ներկրման շուկա է մտել մեկ այլ ընկերություն՝ «Էյ Բի Էքսպորտ» ընկերությունը, բայց նրան շուկայի շատ քիչ մասն է բաժին հասել, մոտ 90 տոկոսը դեռ պատկանում է Ֆլեշին ու CPS-ին։

Բենզինի սպառման շուկայում միշտ ընդունված է եղել այն կարծիքը, որ նման բարձր հովանավորություն և գերիշխող դիրք ունեցող ընկերություններն, օգտվելով իրենց այդ արտոնյալ վիճակից, գնային որոշակի քաղաքականություն են կիրառում և գերշահույթ ստանում։ Այդ ընկերությունները նաև պետական գերատեսչությունների, այդ թվում նաև բանակի մատակարարներն են եղել։ Այդպիսով նաև պետական բյուջեից են երաշխավորված և կայուն եկամուտ ստացել։

Իհարկե, դրանից նաև մասնաբաժին են հանել իրենց խիստ բարձրաստիճան հովանավորներին։ Ավելին, վարորդները միշտ դժգոհել են, որ բենզալցակայանները ավելի քիչ են լիցքավորում իրենց մեքենան, քան իրենք վճարել են։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ ներկրողներն, ու նրանց հովանավորները գերշահույթ են ստացել նաև բենզինի որակը կեղծելու միջոցով։ «Այո, գերշահույթ կա, կրկնակի կամ գուցե մի փոքր քիչ։ Դա երկու պատճառով է պայմանավորված՝ առաջինը, որ որոշակի գնային քաղաքականություն թելադրվում է, երկրորդը, որ որակով չէ, որովհետև եթե մի բանը որակով չէ, բայց որակովի գնով է վաճառվում, ուրեմն գերշահույթ է ապահովում»,- ասում է նա։

Բենզինի շուկա մտած «Էյ բի էքսպորտ» ընկերությունը, «Հետքի» հրապարակումների համաձայն, առնչություն ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ Վերջինիս հորը՝ Գագիկ Վանեցյանին է պատկանել ընկերության 50 տոկոս բաժնեմասը։ Այսինքն՝ ԱԱԾ տնօրենը կամ նրա հայրը բենզինի շուկայի նոր խաղացողներից են։ Թե որքանով նրանք առնչություն կունենան Նիկոլ Փաշինյանի ասած նոր ընկերությունների հետ, պարզ կդառնա ապագայում։

Ովքեր էլ լինեն մեր բենզին ներկրողները, ում կողմից էլ նրանք հովանավորվեն, մինչև այժմ այդ շուկան մեծապես կախված է եղել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից և ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունից։ Եվ կարծիք կա, որ Հայաստանում այդ ոլորտում այսպիսի անմխիթար իրավիճակ է ստեղծվել հենց այդ պատճառով։

Ռուսաստանը կամ «Ռոսնեֆթ» ընկերությունը նույնպես չեն համաձայնել բենզին վաճառել որևէ պատահական ընկերության։ Հավանաբար նման պայմանավորվածություն են ունեցել մեր իշխանությունների հետ։ Այնպես որ, բինզինի ներկրման այդ անսասան շղթան միջպետական համաձայնության արդյունք է և սասանելը շատ դժվար է։

Հավանաբար՝ նաև ԱԱԾ տնօրեն Ա․Վանեցյանի համար։ Մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի բենզինի շուկայի նոր խաղացողները կցանկանան արդար խաղալ, անորակ բենզինը չվաճառել որակյալի անվան տակ, 10 լիտրի փոխարեն 8 կամ 9 լիտր չլիցքավորել ու այդպես շարքային վարորդի գրպանից գերշահույթ չստանալ։

Իհարկե, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, այս դեպքում իր կարգավորիչ դերն ունի պետությունը։ Բայց այստեղ կա ևս մեկ խնդիր․ ովքե՞ր են այդ նոր խաղացողները։ Արդյոք այդ փոփոխություններով նախկին իշխանությունների հովանավորյալները չեն փոխարինվի նոր իշխանությունների հետ փոխկապակցված անձերով։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը խոստացել է կարգավորել շուկան։ Իսկ մենք վարորդների հետ միասին կհետևենք նոր ընկերությունների ի հայտ գալուն ու նրանց վարքագծին։


© factor.am