• February 1, 2021

Շարունակեք ստել, կարեւորը. «հաղթելու ենք», որտեղ եւ ինչպես դա էլ կարեւոր չի

Շարունակեք ստել, կարեւորը.  «հաղթելու ենք», որտեղ եւ ինչպես դա էլ կարեւոր չի

«Որեւէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք:

Հաստա՞տ: Ուշադիր եղեք». ասում է Արծրուն Հովհաննիսյանը։ Հետո տողատակով, չէ՜, լավ էլ ուղիղ (նայած, թե ով ինչպես հասկացավ), թե` ինչ ասել են, այն էլ զեկուցել եմ։ Սա ասում է մի մարդ, որի ամենօրյա ասուլիսին ամբողջ հայ ժողովուրդն էր սպասում։ Մարդիկ սպասում էին մի խաբարի։ Պատերազմ էր, ու ամեն բան հնարավոր էր, բայց չէ` «հաղթելու՜ ենք»։ Բայց հիմա այս մարդը արդարանում է։ Երեւի մենք ենք մեր բառամթերքի մեջ օգտագործել` «գյոռբագյոռ» անելը։ Տեսնես ո՞ր կողմին էին «գյոռբագյոռ» անում, եւ Արծրունը ո՞ր կողմին նկատի ուներ։ Այսինքն, մենք պետք է նրա ամեն ասուլիսից հետո գուշակեինք, գլխի ընկնեինք, թե մեզ որտեղ է խաբում սույն պարոնը։ Ստացվում է’ 44 օր տեւած պատերազմը նաեւ հոգեբանական լուրջ հարված պետք է հանրությանը հասցներ։ Հասցրին. «Ով այնպիսի սուտ ասի, որ ես հավատամ..» Պատասխանատվության զգացում չունեն։ Մի ամբողջ սերունդ մատաղ արեցին, հազարավոր անհետ կորածներ, հազարավոր տնավեր դարձած, փողոցում հայտնված մարդիկ, խեղված ճակատագրեր, հազարավոր հաշմանդամ տղաներ, ռազմագերիների հարց’ օդից կախված, կորսված հայրենիք, ու սրանք դեռ համարձակվում են առանց ամոթի զգացողության ճոռոմաբանել։ Թեեւ եթե ամոթ ունենային, ժողովրդի հետ անկեղծ կլինեին։ Ստացվում է, որ Հովհաննիսյանին մեկն ասել է, թե ինչ ասի։ Ո՞վ է այդ մեկը.. չենք իմանա, գլխի կարող ենք ընկնել, բայց քանի որ Արծրունը հլու-հնազանդ դեռ ծառայում է, հետն էլ իշխանությունների սրտով է, ապա դժվար էլ իմանանք։ Իսկ երբ Արծրունը փորձի փակագծեր բացել կամ հակառակվել, իսկույն գործ կհարուցվի։ Սա է մերօրյա իշխանության ժողովրդավարության եւ թափանցիկության բնույթը։ Սա է մերօրյա իշխանության հիմնական ռազմավարությունը։ Ովքեր կծառայեն նրանց, ապահով ձեռքերում կլինեն, ու քանի որ մենք հանդուրժում ենք սրանց, ապա ի՜նչ է եղել, որ. կճամարատկեն էլ, կարդարացնեն էլ, միայն թե ջրից չոր դուրս գան ու… ծափեր, ծափեր.. Պադրոն Դավոյին ձեռաբակալել են։ Այն դեպքում, երբ իշխանությունները պայմանագիր են կնքել նրա, այսպես ասած, ձեռնարկության հետ։ Բայց քանի որ հիմա հասարակությանը զբաղեցնելու լավ ժամանակ է, ձեռաբակալել են, հետո… հետո կերեւա։ Արդարադատությու՞ն, լսել ենք, բայց չենք տեսել, որ մեկն արդար դատի.. Հնարավոր բոլոր միջոցներով ներքին գործարքի մեջ են։ Սա է մերօրյա իշխանության մարտավարությունը, որտեղ` ով այնպիսի սուտ ասի, որ.. Պատերազմը ձախողած, պետական բոլոր համակարգերը ձախողած, ռազմագերիների հարցը օդից կախ, մարդկանց տներից զրկած, հաշմանդամ տղաները անտերության մեջ, հիմանդրամի փողերը օդից կախված, հիմա էլ սահմանների բացում, ու կտեսնենք, թե որքան մարդ արտագաղթի ճամփան կբռնի։ Ու այս իշխանությունները արխային ընկած շարունակում են, ըստ երեւույթին, իրենց մշակած սցենարն ավարտին հասցնել։ Գուցե հիմա էլ հայաթափությա՞ն խնդիր կա։ Մենք բան չգիտենք։ Մենք ապրում ենք ստի մեջ, իսկ սուտն ինչպես պատերազմում, այնպես էլ հիմա մեր տունը քանդում է, ու չգիտենք’ մեզ վաղը ինչ է սպասվում։ Շարունակեք ստել, կարեւորը. «հաղթելու ենք», որտեղ եւ ինչպես, դա էլ կարեւոր չէ։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան