• May 30, 2019

Նվիրատվություն՝ դատավորներին. ով որքան է ստացել

Նվիրատվություն՝ դատավորներին. ով որքան է ստացել

Երբևէ ստացե՞լ եք 20 հազար դոլար, 50 մլն դրամ կամ թեկուզ 5000 դոլար նվիրատվություն։ Դատավորները ստացել են։ Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի բոլոր դատավորների և նրանց հետ փոխկապված անձանց հայտարարագրերն ու առանձնացրել նվիրատվություն ստացածներին։ Ի դեպ, հայտարարագրերում նվերն ու գույքը մի տողով են նշվում`«Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները» տողի ներքո։ Մենք օգտագործում ենք «նվիրատվություն» որակումը։ Հայտարարագրերի վերլուծության ընթացքում նաև հնարավոր է հասկանալ՝ անձը գումար է ստացել, թե գույք։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում 232 դատավորների հայտարարագրեր կան։ Նրանցից 45-ի հայտարարագրերում նշվում է նվիրատվությունների մասին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած, Մարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցրած ու ՍԴ ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը 2014-ին 70 մլն դրամ արժողությամբ բնակարան և 4,8 մլն դրամ արժողությամբ այգետնակ է ստացել՝ նվիրատվության տեսքով։ Գրիգորյանի դրամական միջոցները, սակայն, տարեցտարի նվազել են։ Եթե 2013-ին պաշտոնը ստանձնելիս նա ուներ 17,5 մլն դրամ, ապա 2018-ի վերջին՝ 5 մլն դրամ։

Նույն դատարանից Գագիկ Պողոսյանը 2015-ին ստացել է 3 մլն դրամ նվիրատվություն։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որը քննել է «Սասնա ծռերի» գործը, նվիրատվության չի արժանացել, փոխարենը խոշոր չափի գումար են փոխանցել նրա կնոջը՝ Լիլիթ Գաբրիելյանին․ 2011-ին՝ 15 000 դոլար, 2012-ին՝ 2000 դոլար, իսկ 2014-ին՝ 10 000 դոլար։ Մեկ այլ դատավոր՝ Արշակ Պետրոսյանը, ստացել է 50 մլն դրամ նվիրատվություն՝ 2013-ին։

Դատավոր Երեմ Եսոյանը ռուբլով, իսկ կինը՝ դոլարով նվիրատվություններ է ստացել։ 2014-ին դատավորին տվել են 250 000, իսկ 2017-ին 220 000 ռուբլի նվիրատվություն, իսկ նրա կինը 2012-ին ստացել է 10 000,  2014-ին 5000 դոլար նվիրատվություն։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը 2017-ին ստացել 1,5 մլն դրամ։ 37 մլն դրամի նվիրատվություն 2016-ին ստացել է մեկ այլ դատավոր՝ Գրիգորի Վարդանյանը։

Կին դատավորներից Ժաննա Ասատրյանը 2017-ին ստացել է 700 000 դրամ, իսկ հաջորդ տարի՝ շուրջ 3 մլն դրամ նվիրատվություն։

Դատավոր Մեսրոպ Մակյանին 2011-ին տվել են ավելի քան 80 000 դոլար, 2012-ին՝ 5200 դոլար, 2013-ին 2000 դոլար, 2017-ին 15 000 դոլար, 2018-ին ավելի քան 20 000 դոլար նվիրատվություն։

Դատավոր Սարգիս Երիցյանը՝ Լեզվի պետական տեսչության նախկին պետ Սերգո Երիցյանի որդին, 2014-ին կտրուկ հարստացել է նվիրատվությունների շնորհիվ։ Իր հայտարարագրում նա չորս կետով նվիրատվություններ է ամրագրել, որոնցից մեկը 8 000 դոլարի սահմանում, մյուսները 3 մլն դրամից ավելի։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ևս անպակաս չի մնացել նվիրատվություններից։ Նա 2012-ին 45 մլն դրամի արժողությամբ բնակարան ու 27 մլն դրամի այգետնակ է նվեր ստացել։

Մարզերի դատարաններ

Կոտայքի մարզի դատավոր Արման Օհանյանը 2016-ին ստացել է 20 000, իսկ 2017-ին՝ 22 000 դոլար նվիրատվություն։ Նույն դատարանից Հրաչիկ Սարգսյանի կինը 2016-ին ստացել է 100 000 դոլար նվիրատվություն։ Լոռու մարզից դատավոր Նաիրա Մխիթարյանը 2017-ին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու նվիրատվություն՝ 32 000 և 50 000 ռուսական ռուբլու չափով։ Նաիրա Մխիթարյանի մեկ այլ հայտարարագրումռուսական ռուբլով նվիրատվություններ կան՝ 110 000 և 95 000 ռուբլի։ Այս դատարանում ևս երկու դատավորներ կան, որոնք ռուսական ռուբլով նվիրատվություն են ստացել, սակայն նվազ չափով։

Շիրակի մարզի դատավոր Հովհաննես Ղազարյանը 2015-ին նվեր է ստացել 170 000 դոլար արժողությամբ բնակարան։ Տավուշի մարզի դատավոր Սիմա Իսկանդարյանին տվել են 15 600 եվրո գումար։ Գեղարքունիքի մարզի դատարանի նախկին նախագահ, ներկայում այդ դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի կինը 2014-ին ստացել է 30 և 10 մլն դրամ նվիրատվություններ։ Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ դատավորի կինը նույն գումարներով ձեռք է բերել հողամաս և բնակարան։ Մեկ այլ դատավոր՝ Յուրիկ Իսկոյանը, 2017-ին հայտարարագրել է9 մլն դրամ նվիրատվություն։

Նվիրատվությունների շարքը Գեղարքունիքի մարզի դատարանում այսքանով չի ավարտվում։ Մեկ այլ դատավոր՝ Սերոբ Մանուկյանը, թեև խոշոր չափով գումարի չի արժանացել, սակայն նրա կինը ետ չի մնացել մյուսներից։ Մարիետա Գալստյանը չորս տարբեր տարիների խոշոր չափի նվիրատվություններ է ստացել․ 2011-2013-ին նա ամեն տարի հայտարարագրել է 1000 դոլար ու 1000 եվրո նվիրատվություն, իսկ 2014-ին՝ 2000 դոլար։ Մարզերից վերջին դատավորը, որը խոշոր չափի նվիրատվություն է ստացել, Սերգեյ Չիչոյանն է․ 2015-ին նրան տվել են 19 մլն դրամ։

Վարչական դատարան

Վարչական դատարանից երեք դատավորների հայտարարագրերում նկատել ենք նվիրատվություններ։ Դատավոր Կարեն Զարիկյանը 2013-ին ստացել է 13 000 և 20 000 դոլարի ու 50 000 ռուբլու չափով նվիրատվություններ։ 8 մլն դրամ է ստացել դատավոր Լիանա Հակոբյանը՝ 2016-ին, իսկ նորանշանակ դատավոր Ռուզաննա Ազրոյանը 2018-ին ստացել է 30 000 դոլարի նվիրատվություն՝ գույքի տեսքով․ դատավորին ծնողը ամառանոց է նվիրել։

Վերաքննիչ ատյան

Վերաքննիչում նվիրատվություն ստացողները շատ են։ Դատավոր Արմեն Դանիելյանը 2017-ին ստացել է 9 մլն դրամ, նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նույն տարում նա այդ գումարով բնակարան է ձեռք բերել։

Դատավոր Սերգեյ Մարաբյանը երեք հայտարարագրերում նվիրատվություններ է նշել, 2014-ին պաշտոնը ստանձնելիս՝ 15 000 դոլար ու 100 000 ռուբլի, 2017-ին՝ 500 դոլար, 2018-ին՝ 200 000 ռուբլի։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կինը 2013-2018-ին յուրաքանչյուր տարի ստացել է նվիրատվություններ, ընդհանուր ՝ 6300 դոլար ու 375 000 ռուբլի։

Դատավոր Գագիկ Խանդանյանը ստացել է 5 մլն դրամ նվիրատվություն, իսկ նրա կինը՝ 2,4 մլն դրամ։ Նրա հետ համատեղ բնակվող երկու անձինք ավելի քան 4,5 մլն դրամ նվիրատվություններ են ստացել։ Ի դեպ, այս դատավորի որդին՝ Ռաֆիկ Խանդանյանը, վարչական դատարանում է, սակայան որևէ նվիրատվություն չի ստացել։

Ամենացածր նվիրատվությունը ստացել է նորանշանակ դատավոր Դավիթ Սերոբյանի հետ համատեղ բնակվող անձը՝ 2018-ին, ընդամենը 100 դոլար, իսկ դատավորը՝ շուրջ 2000 դոլար։

Դատավոր Լևոն Գրիգորյանի կնոջը 2015-ին տվել են 20 մլն դրամ, չի բացառվում, որ այս նվիրատվությունը կատարվել է գույքի տեսքով, քանի որ նրա հայտարարագրում կա նաև նույն արժողությամբ գույքի մասին նշում։ 12 մլն դրամ է ստացել դատավոր Հարություն Ենոքյանը։ Մեկ այլ դատավորի՝ Կարեն Չիլինգարյանին 2014-ին նվիրել են 33 000 դոլար։

Դատավոր Մարգարիտա Մելիքսեթյանի ամուսինը նախորդ տարի արժանացել է 65 մլն դրամի նվիրատվության, այս անձի հայտարարագրում նույն չափի անհատական բնակելի տան ձեռքբերման մասին տեղեկություն կա, թերևս նրան հենց այդ գույքն են նվիրել կամ էլ այդ գումարով տուն է գնել։ Դատավոր Արթուր Պողոսյանի կինը չորս տարբեր տարիներ նվիրատվություններ է ստացել, որոնց չափը չի անցնում 10,2 մլն դրամը։ Դատավոր Կարեն Ավետիսյանի հետ համատեղ բնակվող անձանցից մեկը 2016-ին արժանացել է 50 000 դոլարի նվիրատվության։

Վճռաբեկ դատարան

Այս դատարանում երկու դատավորներ գրեթե ամեն տարի նվիրատվություններ են ստացել։ Այդ դատավորներից Համլետ Ասատրյանը նախընտրում է դոլարով նվիրատվությունները, 2011-2015-ին նա ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 25 000 դոլար նվիրատվություն։ 2013-2016-ին 10 000 դոլար ու 895 եվրո նվիրատվություններ է ստացել դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Դատավոր Ռուզաննա Հակոբյանը 2015-ին ստացել է շուրջ 3 մլն դրամ նվիրատվություն, իսկ նրա ամուսինը 2011-2015-ին է յուրաքանչյուր տարի նվիրատվություններ ստացել՝ ընդհանուր 37 000 դոլարի չափով։

Մյուս դատավորները մեկական կետով են նվիրատվություն հայտարարագրել։ Դատավոր Գոռ Հակոբյանի կինը 2015-ին հայտարարագրել է 16 000 դոլարից ավելի նվիրատվություն, նա նույն արժեքի Lexus RX մակնիշի մեքենա է հայտարարագրել։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը 2012-ին, երբ այդ նույն պալատի դատավոր էր, ստացել է 50 000 դոլար։ Դատավոր Վարդան Ավանեսյանի կնոջը 2015-ին փոխանցել են շուրջ 12 000 դոլար նվիրատվություն։

Սահմանադրական դատարան և Բարձրագույն դատական խորհուրդ

Սահմանադրական դատարանի ութ դատավորներից միայն Արևիկ Պետրոսյանն է նվիրատվություն ստացել։ 2013-իննրան փոխանցել են 18 մլն դրամ գումար։ Նույնն է նաև Բարձրագույն դատական խորհրդում։ Այս խորհրդի ութ անդամներից միայն մեկն է, որ արժանացել է նվիրատվության։ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանը 2019-ինստացել է 2000 դոլար գումար։

«Դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ», – ամրագրում է Դատական օրենսգիրքը։

© Civilnet.am