• February 20, 2019

Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է դպրոցի տնօրենին:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն ՝ տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից խոշոր չափերի գումարներ հափշտակել, 2016 թվականի հունվար ամսից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, բանկոմատից անձամբ կանխիկացրել է աշխատակցի աշխատավարձի գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս նրան տվել 20.000 դրամ, իսկ մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:

Բացի այդ, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով տնօրենն աշխատանքային պայմանագրի մեջ, ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ, մտցրել է կեղծ տեղեկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտե