• July 18, 2019

Նախկին պատգամավորի որդին և Արտաշատի բժշկական կենտրոնը չեն վճարել հարկերը

Նախկին պատգամավորի որդին և Արտաշատի բժշկական կենտրոնը չեն վճարել հարկերը

«Շահումյան Վինո» ՍՊԸ-ն՝ որպես հողի հարկ և գույքահարկ վճարող սուբյեկտ, չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ Արտաշատ համայնքի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ:

Նշենք, որ «Շահումյան Վինո» ՍՊԸ-ն պատկանում է նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) որդուն՝ Վիլիկ Կարապետյանին:

Հաշվարկվել է վճարման ենթակա 1 մլն 659 հազար դրամ, որից մոտ 312 հազարը՝ որպես չկատարված պարտավորությունների գումար և 1 մլն 347 հազար դրամը՝ պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժեր:

Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը հուլիսի 3-ին որոշել է «Շահումյան Վինո» ՍՊԸ-ից, հօգուտ Արտաշատ համայնքի, բյուջե գանձել վերը նշված գումարը: Ընկերության ներկայացուցիչը վարույթի լսումներին չի մասնակցել:

Նույն օրը Արտաշատի համայնքապետը որոշել է «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ ևս գումարի գանձման որոշում կայացնել, մասնավորապես՝ հօգուտ Արտաշատ համայնքի՝ գանձել մոտ 34 մլն 312 հազար դրամ, որից 2 մլն 256 դրամը՝ որպես չկատարված գույքահարկի պարտավորությունների գումար և 32 մլն 56 հազարը՝ հաշվարկված տույժեր:

Ըստ որոշման՝ բժշկական կենտրոնի ներկայացուցիչը, գալով հարուցված վարչական վարույթի շրջանակներում հրավիրված լսումներին, բանավոր առարկություններ է ներկայացրել՝ համաձայն չլինելով գույքահարկի գումարների հետ, սակայն իր առարկությունները չի կարողացել հիմնավորել ոչ փաստաթղթերով, ոչ էլ հաշվարկներով:

Բժշկական կենտրոնից պարզաբանում ստանալու մեր բոլոր փորձերը ձախողվեցին: Նախ, տնօրենը տեղում չէր, խորհուրդ տվեցին խոսել հաշվապահի հետ: Վերջինս հրաժարվեց և իր հերթին խորհուրդ տվեց խոսել ֆինանսական գծով փոխտնօրեն Տիգրան Թադևոսյանի հետ. «Հաշվապահի հետ գործ չունեք»: Տիգրան Թադևոսյանը հայտարարեց, թե իր մոտ ժողով է, կխոսի ավելի ուշ, սակայն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

© Hetq.am