• July 4, 2019

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ. փաստաբան

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ. փաստաբան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

Դիմումը ներկայացնում եմ ստորև.

Սահմանադրական դատարանի անդամներ՝

Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ

Բարձր դատարան,

Ստորև անդրադարձ կատարելով ՍԴ անդամների քաղաքական անցյալին և կենսագրությանը՝ ներկայացնում ենք փաստեր, որոնք հիմք են հանդիսանում կասկածի տակ դնելու նրանց անաչառությունն ու անկողմնակալությունը վերոնշյալ գործերի նկատմամբ։ Սահմանադրական դատարանի հիշյալ անդամները պետական քաղաքական պաշտոններ են զբաղեցրել, կայացրել են որոշումներ, որոնք առնչվել են մարտիմեկյան իրադարձությունների հետ։

Քրեական գործով առաջադրված մեղադրանքները.

  • 2008 թվականի մարտի 2-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած՝ հրազենի, պայթուցիկ նյութերի գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը:
  • 2008 թվականի մարտի 24-ին 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ անհայտ անձանց կողմից Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գևորգյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի, Համլետ Թադևոսյանի և Տիգրան Աբգարյանի մահվան դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62202608/1 քրեական գործը և միացվել է թիվ 62202608 քրեական գործին:
  • 2009 թվականի հուլիսի 13-ին 2008թ. մարտի 1-ին և 2-ին ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից զենքի` հատուկ միջոց հանդիսացող ԿՍ-23 տեսակի հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ Գոռ Քլոյանին, Արմեն Ֆարմանյանին, Տիգրան Խաչատրյանին՝ մահ, և ևս երեք անձի՝ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62203909 քրեական գործը և միացվել թիվ 62202608 քրեական գործին:
  • 2018 թվականի հուլիսի 3-ին 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62220218 քրեական գործը և նույն օրը միացվել թիվ 62202608 քրեական գործին:
  • 2018 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնեական դիրքն օգտագործելով, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62224618 քրեական գործը և նույն օրը միացվել թիվ 62202608 քրեական գործին:
  • 2018 թվականի օգոստոսի 31-ին պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62228418 քրեական գործը և նույն օրը միացվել թիվ 62202608 քրեական գործին:
  • 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62232018 քրեական գործը և նույն օրը միացվել է թիվ 62202608 քրեական գործին:
  • Հիշյալ քրեական գործից անջատված մասով գործն ուղարկվել է դատարանը: Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով առաջադրվել են հետևյալ մեղադրանքները՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Սեյրան Մուշեղի Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Յուրի Գրիգորիի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Անդրանիկի Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
  • Հիշյալ քրեական գործերը հարուցվել, իսկ հարուցված քրեական գործերով էական տեղաշարժը հնարավոր է դարձել միայն 2018 թվականին, երբ համաժողովրդական շարժման միջոցով իշխանությունից հեռացվել են 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների արտակարգ դրություն մտցնելու միջոցով նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման կապակցությամբ բարձրացած հանրահավաքների ալիքը ճնշելուց հետո իշխանության եկած Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը:
  • Հիշյալ քրեական գործերով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը իրենց առաջադրված մեղադրանքների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ), 300.1-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան, որոնք ընդունվել են քննության և դատաքննություն է նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ին:

© infocom.am