• December 28, 2022

Մարտի մեկի գործով նախին դատախազը շատ թույլ մեղադրանքներ է կազմել․ ինչ է անելու նոր դատախազը

Մարտի մեկի գործով նախին դատախազը շատ թույլ մեղադրանքներ է կազմել․ ինչ է անելու նոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել և որպես հսկող դատախազ է նշանակել Հայկ Հովհաննիսյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը, սակայն այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան տեղափոխել է այլ պաշտոնի՝ նշանակելով ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, և ներկայումս, բացառությամբ դատարանում քննվող մասի, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանն է գործի նկատմամբ հսկողություն իրականացնում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ասաց, որ արդեն հանդիպել են Հայկ Հովհաննիսյանին. «Առաջինը հարցրի՝ ի՞նչ ունեք մեզ ասելու որպես նոր դատախազ: Ասաց՝ պարոն Քլոյան, ես ընդամենը տասը օր է, որ նշանակվել եմ, դուք պետք է ասեք: Մենք պատմեցինք, ասացինք, որ մինչև հիմա որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, Քոչարյանն էր որ կիսատ-պռատ նստեց, հիմա էլ ազատության մեջ է։ Ասաց, որ ամեն ինչ անում են, որ Մարտի մեկի մեղավորները պատժվեն։

Ասաց, որ գործը սկսել են: Նախկին դատախազները նախկինում շատ թույլ մեղադրանքներ են կազմել։ Տիգրան Եգորյանն էլ ամեն ինչ իրավաբանորեն մասնրամասն պատմեց, ասաց, որ կգնա գործը էլի հակակոռուպցիոն, կկազմեն, կգրեն»:

 

Քլոյանի խոսքով, դատախազի փոփոխությունը հույս է ներշնչում, որ գործը կբացահայտվի. «Ես ճանաչում եմ Աննա Վարդապետյանին, նա ամեն ինչ պետք է անի, որ Մարտի մեկի էջը փակ չմնա: Ես հավատում եմ և վստահում իրեն, լավ կլինի»:

Մարտի մեկի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանն էլ է դատախազի հետ հանդիպմանը ներկա եղել։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես Հայկ Հովհաննիսյանին չեմ ճանաչում, 15 տարի է՝ այս գործն ընթացքի մեջ է: Նախկին իշխանությունը ասում էր՝ քանի մենք կանք, այդ գործը չի բացահայտվի: Այն ժամանակ թե ԱԺ նախագահը, թե նախագահը, թե բոլորը հայտարարում էին, որ չի բացահայտվի, հիմա փոխվել է դատախազը, նոր սպասումների հույսով ենք, հույսներս չենք կտրում, բայց ինչ իմանանք՝ ինչ աշխատանք կկատարեն։

Երեք տարի է՝ դատը գնում է, ոչ մի արդյունք չկա։ Այդ դատավորին էլ պետք է ռադ անել: Ոչ միայն դատախազին պետք է փոխեին, այլ նաև Աննա Դանիբեկյանին, նա մեյմուն է, նա դատավոր չէ, ինչպես ուզում է, այդպես էլ անում է։ Իսկ Աննա Վարդապետյանը երիտասարդ կադր է, կրթված»,-ասաց Ֆարմնյանը:

Նա նկատեց, որ այս իշխանությունը խոստացել էր բացահայտել Մարտի 1-ը, բայց չբացահայտեց. «Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դատավարության գործով չի զբաղվում, նրանց էլ դա էր պետք։ Համբերում եմ, հույսով ենք։ Տարիներ են անցել 15 տարի, գոնե մեկին դատեին, ասեին՝ սա զոհերից մեկին խփողն է: Մենք շատ երկար ենք պայքարել: Այո, դատախազին հանդիպեցինք, բայց առանձին ուզում ենք գլխավոր դատախազի հետ հանդիպել։ Աննա Վարդապետյանին պետք է հարցնենք՝ կբացահայտվի՞ Մարտի մեկի գործը, թե ոչ։ Մենք էլ գիտենք այսօր ՀՀ վիճակը, վարչապետի, նախագահ, բոլորի վիճակի մեջ էկ մտնում ենք, հասկանում ենք, որ պատերազմի մեջ ենք, այլ առաջնահերթություններ կան, բայց ուզում ենք նաև այս գործը բացահայտված տեսնել»,-ընդգծեց նա: