• September 21, 2018

Հրազդանի նախկին քաղաքապետը կարող է ազատազրկվել 12 տարով

Հրազդանի նախկին քաղաքապետը կարող է ազատազրկվել 12 տարով

Հրազդանում իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ։ Արդյունքում Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այսինքն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով գողություն, որը պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Երկրորդ հոդվածը վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Երկու մեղադրանքներում մեղավոր ճանաչվելու դեպքում Արամ Դանիելյանը առավելագույնը կարող է ազատազրկվել 12 տարով։