• May 3, 2022

ՀՀ-ում 4 ամսում դյուրացված նոր կարգով 300-ից ավելի օտարերկրացի ստացել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ

ՀՀ-ում 4 ամսում դյուրացված նոր կարգով 300-ից ավելի օտարերկրացի ստացել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ

Հայաստանում 2022 թվականի առաջին 4 ամիսներին 300-ից ավելի օտրարեկրացու տրամադրվել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ՝ Workpermit.am կայքի միջոցով դյուրացված կարգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց Հայաստանում օտարերկրացի մասնագետների աշխատելու իրավունքի ստացման գործընթացից:

Ղազարյանը հիշեցրեց, որ 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Օտարերկրացիաների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները: «Դրանով դյուրացվել է ՀՀ-ում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման կարգը, և թվայնացվել է ամբողջ գործընթացը: Եթե մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումն այդ գործընթացն իրականացվում էր երկու տարբեր վարչական մարմինների կողմից, և ամբողջ գործընթացը կարող էր տևել 2 ամիս և ավելի, ներկայումս այն իրականացվում է թվայնացված էլեկտրոնային հարթակի՝ Workpermit.am կայքի միջոցով, և ամբողջ գործընթացը տևում է առավելագույնը 30 օր»,- ասաց նա:

ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն ԵԱՏՄ մասին պայմանագրի 96-րդ հոդվածով ազատված են աշխատանքի նման թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պարտավորությունից, կարող են տվյալ հարթակի միջոցով ստանալ օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի տրամադրումը տևում է առավելագույնը 1 շաբաթ: Այսպիսով, ըստ Ղազարյանի՝ պետությունը էականորեն բարելավում արել է, իսկ առավել դյուրացնելու և բարձր որակավորում ունեցող մասնագետների համար ընթացակարգերն առավել պարզեցնելու հնարավորությունները դիտարկում են:

Հակոբ Արշակյանն էլ ընգծեց, որ օտարերկրացի մասնագետները դյուրացված կարգով կարող են ներգրավվել ընկերություններում և կայքի միջոցով դյուրացված կարգով ստանալ աշխատանքի և Հայաստանում ապրելու իրավունք:

Ղազարյանն էլ հավելեց. «Առաջին 4 ամիսների ընթացքում արդեն 300-ից ավել նմանտիպ կացության կարգավիճակ է տրամադրվել, դիմումները 500-ից ավելի են»: