• July 17, 2020

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լրագրող գործընկերներիս հետաքրքությունը մասամբ բավարարելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեղեկացված լինելու հանրության իրավունքը՝ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Քրեական գործի նախաքննության հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության և նախընտրելի ծավալի, վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը կարող են տրամադրել հավելյալ տեղեկատվություն:

Ուզում եմ հիշեցնել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատաան քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը»: