• February 12, 2022

Հիբրիդային են, հա՞, ինձ ընտրել են Ռուբեն Վարդազարյանն ու Գագիկ Ջհանգիրյանը. Մարինա Պողոսյանը՝ ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու մասին

Հիբրիդային են, հա՞, ինձ ընտրել են Ռուբեն Վարդազարյանն ու Գագիկ Ջհանգիրյանը. Մարինա Պողոսյանը՝ ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու մասին

Yerevan.today լրատվականն այսօր գրել էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Բարձրագույն դատական խորհուրդ է ներմուծել իրավապաշտպան Մարինա Պողոսյանին, և նա աշխատելու է որպես իրավաբան-փորձագետ:

Ըստ լրատվականի՝ Պողոսյանն այն երկու փորձագետներից մեկն է, ով ի պաշտոնե իրավունք է ունենալու ասելու՝ ով դառնա դատավոր, ով ոչ: Ջհանգիրյանն, ըստ տեղեկության, Պողոսյանին օժտել է դատավոր ընտրելու իրավունքով:

ArmDaily.am-ի հետ զրույցում Մարինա Պողոսյանը ասաց, որ ինքը աշխատանքի չի անցել ԲԴԽ։

«Ես Մարինա Պողոսյանն եմ, ղեկավարում եմ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, և որևէ կերպ, որևէ պետական հիմնարկում չեմ պատկերացնում ինձ աշխատելուց։ Երևի ով, որ գրել է, անհապաղ պետք է հերքում տա»,- ասաց Պողոսյանը։

Նա պարզաբանեց, որ իր կազմակերպությունը նախանցած տարվանից ունի «Ժողովրդական վեթինգ» նախաձեռնությունը, որը վերաբերում է դատավորներին, դատավորների ունեցվածքին, և ինքը հրավիրվել է որպես այդ նախաձեռնության ղեկավար և քանի որ կոռուպցիայի դեմ երկար տարիներ պայքարել է։

«Երբ դեռ նույնիսկ որոշվել էր, որ երկրում պետք է վեթինգ չանցկացվի, ես դեմ եմ եղել դրան կատեգորիկ և պատկերացրել եմ, որ հին որոշ դատավորներով մենք չենք կարող գնալ դեպի արդարադատություն։ Ընդամենը ես հրավիրվել եմ, որովհետև հակակոռուպցիոն բլոգում և «Ժողովրդական վեթինգ» կայքում տեղադրվել են դատավորների նկարներ՝ նրանց բարեվարքության, նրանց թմրանյութերից կախվածության մասին։

Ես 1 շաբաթով որպես փորձագետ, ոչ թե իրավաբան, ոչ թե դատավոր ընտրող, այլ ընդամենը կոռուպցիայի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի ընտրվելիք դատավորների  թեկնածուների և դիմորդների հետ հարցազրույց եմ անցկացնելու, թե ով ինչ քանակի գույք ունի, որտեղից այդ գույքի ձեռքբերումը։ Այսինքն՝ այն ինչով ես զբաղվել եմ Չարենցի 4 հասցեում գտնվող իմ կազմակերպությունում, նույնը այստեղ է»,- ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած հարաբերություններին՝ Պողոսյանն ասաց, որ երկու օր առաջ աստիճանների վրա է տեսել, բարևել է, և նրա հետ ընդհանրապես որևէ շփում չունի։

«Չեմ կարծում, որ իմ ընտրությունը որևէ մեկի անձով պայմանավորված լինի, որովհետև երբ Ռուբեն Վարդազարյանն էր ԲԴԽ նախագահը, մենք մի քանի հանդիպում ենք ունեցել մեր փաստաբանների հետ հենց այս նույն հարցով ԲԴԽ-ում։ Հիմա երևի թե պարզենք՝ հիբրիդային են, հա՞, ինձ ընտրել Ռուբեն Վարդազարյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Ի դեպ Ռուբեն Վարդազարյանին ավելի շատ եմ հանդիպել Բարձրագույն դատական խորհրդի շենքում, քանի որ մենք դիմել ենք և գրավոր նամակ ունենք։

Ես շատ հպարտ և ուրախ եմ այսօր, քանի որ այն, ինչի համար ես պայքարել եմ 7 տարի։ Ես ուզում եմ, որ այո, հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանում ընտրվեն լավագույնները։ Ցավոք, ես չեմ կարող ինձ վերագրել այդ դերը՝ ով կընտրվի, ով՝ չէ, իմ կարծիքն ընդամենը խորհրդատվական կարծիք է։ Եթե ես նման բան որոշելու լինեի դեռ 7-8 տարի առաջ դատավորների 50 տոկոսին առնվազն ոչ միայն կուզենայի, որ չաշխատեն, այլև կուզենայի, որ մեծ մասը իրենց ունեցած գույքի և սեփականությունների համար հայտնվեն ճաղերում»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում որևէ պաշտոնի գնալ, իրեն առաջարկ էլ չի եղել։

«Ինձ նույնիսկ որևէ առաջարկ չի եղել։ Երկրորդը՝ այն պաշտոնները, որ կարող են ինձ հիմա առաջարկել, ես նման պաշտոններ զբաղեցրել եմ 25, 26, 27 տարեկանում»,- ասաց իրավապաշտպանը։

Այս տեղեկությունը տարակուսանք էր առաջացրել տարբեր շրջանակներում, քանի որ Մարինա Պողոսյանը միշտ արմատական և քննադատական դիրքորոշում է ունեցել իրավական համակարգի նկատմամբ։ Այս համատեքստում՝ իրավապաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննադատաբար միշտ մոտեցել է և մոտենում է։

«Բոլորին էլ, եթե տեսնեմ, ինչ-որ արարքներ, նույն ձևով քննադատելու եմ։ Ի դեպ ընդամենը 2 օր առաջ ԲԴԽ-ի դատավորների մասին մեր կայքում շատ վատ նյութ եմ տեղադրել, հետո՞։ Ես շատ հպարտ եմ, որ իրավապաշտպան եմ, հպարտ եմ, որ անկախ եմ, հպարտ եմ, որ ես կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել ցանկացած պաշտոնատար անձի վերաբերյալ և ես այդ կարծիքը հայտնելու եմ»,- ասաց Պողոսյանը։