• October 18, 2019

«Հեշտ չէ նայել մարդասպանների աչքերին ու ցուցմունք տալ…». Ալավերդցի Վահագի դեմ մահափորձի գործով տուժողը ի վիճակի չեղավ ցուցմունք տալ

«Հեշտ չէ նայել մարդասպանների աչքերին ու ցուցմունք տալ…». Ալավերդցի Վահագի դեմ մահափորձի գործով տուժողը ի վիճակի չեղավ ցուցմունք տալ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ մեկնարկեց Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի գործի դատական քննությունը:

Խոսքը «Ալավերդցի Վահագի»՝ Վահագն Աբգարյանի և նրա ընկերների դեմ Վերնիսաժի մերձակայքում կատարված մահափորձի գործի մասին է:

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի տարածքում կրակոցներ են հնչել, րոպեներ անց հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հրազենային վիրավորում ստացած անձը Ալավերդցի Վահագն էր՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը:

Դեպքից անմիջապես հետո Աբգարյանին տեղափոխել էին «Աստղիկ ԲԿ», կատարվել էր վիրահատության: Կրակոցներից սպանվածը 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանն էր: Նրա ուղղությամբ, ըստ մեղադրանքի, կրակոց էր արձակվել Արմեն Կարադավիդովի կողմից:

Մոսինյանը փորձել էր դեպքի վայրից հեռանալ, սակայն կարճ ճանապարհ անցնելով՝ մահացել էր:

Այս գործով ևս մեկ ամբաստանյալ կար՝ Ռաֆիկ Խ.-ն, ում մասն առանձնացվել ու առանձին էր քննվել նախաքննական մարմնի կողմից:

Ըստ մեղադրանքի՝ 60-ամյա Ռաֆիկ Խ.-ն 2017 թվականի ընթացքում նախնական համաձայնության էր եկել ու օժանդակել էր իր մտերիմներ Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին՝ վերջիններիս կողմից վրեժի շարժառիթով Ալավերդցի Վահագի ու նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մ.-ի, Արամ Խ.-ի, Դավիթ Բ.-ի սպանության հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, իր վարած մեքենայով խմբի անդամներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը դեպքի վայր տեղափոխելու, սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցերում օժանդակել էր սպանությունը կատարողներին:

Զինամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք էր բերվել Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից, իսկ Ռաֆիկ Խ.-ն «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա էր վարձել օրավարձով: Ավտոմեքենայի համար յուրաքանչյուր օրվա դիմաց պետք է վճարեին 15 000 դրամ:

Դեպքի օրը Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք՝ Գագիկ Մոսինյանը, Արթուր Մ.-ն, Դավիթ Բ.-ն և Արամ Խ.-ն գնացել էին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոց, իսկ այդ ընթացքում Ռաֆիկ Խ.-ն, վարելով վարձակալած ավտոմեքենան, հյուրանոցի տարածքում շրջապտույտներ էր կատարել, ապա մեքենան կայանել էր հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց:

Վաղ առավոտից հյուրանոցի տարածքում ավտոմեքենայում գտնվող Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն սպասել էին Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին, ովքեր նախորդ օրվանից էին գտնվում հյուրանոցում, իսկ երբ նկատել էին, որ Աբգարյանը և ընկերները դուրս են գալիս հյուրանոցից, ըստ մեղադրանքի՝ Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը ավտոմեքենայից դուրս գալով՝ կրակ էին բացել նրանց ուղղությամբ:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, մտերիմներին օժանդակելու նպատակով ևս դուրս էր եկել ավտոմեքենայից, սակայն չէր կրակել, իսկ կրակոցներից հետո ընկերների հետ հեռացել էր դեպքի վայրից:

Դեպքից հետո Ռաֆիկ Խ.-ն հետախուզման մեջ էր գտնվել և 2017 թվականի սեպտեմբերի 22-ին էր հայտնաբերվել: Նրա մասով դատական քննությունն ավելի վաղ էր մեկնարկել, սակայն դատաքննություն այդպես էլ տեղի չունեցավ, քանի ուր Ռաֆիկ Խ.-ի առողջական վիճակը վատացավ, և նա անցած տարի մահացավ…

Հետախուզման մեջ են եղել, ապա հայտնաբերվել են ներկա գործով երկու մեղադրյալները՝ ծանրացուցիչ հանգամանքներում բուն դիտավորյալ սպանությունն ու սպանության փորձն իրականացնելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6, 7-րդ, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը: Դատական այս նիստին ևս չէր ներկայացվել գործով տուժող Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը, որը մեկ այլ գործով ամբաստանյալ է, ներկայումս կալանավորված է ու գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Դատական նիստերին մասնակցում է նրա ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը:

Դատական այս նիստին ներկայացել էր վերջին շրջանում Ալավերդցի Վահագի հետ կապված մեկ այլ՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով առանցքային վկա համարվող, աղմկահարույց հայտարարություններով հանդես եկած վկա Արթուր Մ.-ն, ով «Վերնիսաժի գործով» տուժող է, քանի որ կրակոցների պահին եղել է Ալավերդցի Վահագի հետ, վերջինիս ընկերն է, ըստ այդմ՝ կրակոցների թիրախներից մեկը:

Մարինա Պողոսյանը նաև տուժող Արթուր Մ.-ի ներկայացուցիչն է:

Այս գործով մյուս երկու տուժողների՝ Դավիթ Բ.-ի և Արամ Խ.-ի վերաբերյալ դատարանը դեռևս տեղեկություն չունի:

Դատարան չի ներկայանում նաև տուժողի իրավահաջորդը:

Ամբաստանյալ Արմեն Կարադավիդովը նախկինում հանդես է եկել նաև «Թամազյան» ու «Խառատյան» ազգանուններով: Կարադավիդովը նախկինում դատված է եղել, վերջին անգամ 7 ամիս ազատազրկման էր դատապարտվել 2018 թվականին: Նրա խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 12, 13 տարեկան:

Ամբաստանյալների միջև շահերի հակասություն չկա, նրանց շահերը պաշտպանում է մեկ պաշտպան՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Տուժող Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանի՝ նախորդ դատական նիստին բավարարված միջնորդությամբ՝ այս նիստին նրան տրամադրվեցին իրեղեն ապացույց ճանաչված տեսանյութերի պարունակությամբ կրիչների պատճենները:

Դրանից հետո մեղադրանքը պաշտպանող դատախազ Տիգրան Ենոքյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Ալբերտ Բլբուլյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում մեղսագրված ոչ մի հոդվածով և ոչ մի հարցի չի պատասխանում:

Ամբաստանյալ Արմեն Կարադավիդովը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց ու հայտարարեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու:

Քանի որ դատական նիստին ներկայացել էր տուժող Արթուր Մ.-ն, ով հայտարարեց, թե վերջին մեկուկես տարին բնակվում է ՌԴ-ում, պատրաստվում է նորից մեկնել, բայց վերադառնալու է մեկ ամիս անց, դատարանը հետաքրքրվեց՝ տուժողը այս նիստին ցուցմունք կտա՞:

Մարինա Պողոսյանը հայտնեց, որ Արթուր Մ.-ն այս նիստին ի վիճակի չէ ցուցմունք տալու. «Պարզ ասեմ, տուժողը տեսնում է մարդկանց, ովքեր պատրաստվում էին իրեն սպանել: Նրանք սպանել են իր ընկերներից մեկին, մյուսին ծանր վնասվածք են պատճառել… Ես հասկանում եմ նրա հոգեվիճակը… Հեշտ չէ նայել ենթադրյալ մարդասպանների աչքերին ու ցուցմունք տալ…»:

Արթուր Մ.-ն նույնպես պնդեց, թե այս նիստին ցուցմունք տալ չի կարող, բայց Ռուսաստանից վերադառնալու է նոյեմբերի վերջին, այն ժամանակ ցուցմունք կտա:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը: Կհետազոտվեն քրեական գործում առկա գրավոր և այլ ապացույցները, կհարցաքննվեն տուժողները, վկաները, վերջում՝ մեղքը չընդունող երկու ամբաստանյալները, եթե ցանկանան ցուցմունք տալ:

Դատարանը սկսեց քրեական գործում առկա ապացույցների հետազոտումը:

Քրեական գործը բաղկացած է 12 հատորից:

Հրապարակվեցին մի շարք առգրավումների արձանագրություններ՝ առգրավվել էին դեպքի վայրին հարակից տեսախցիկների տեսագրությունները պարունակող կրիչները, «Աստղիկ» բժշկական կենտրոնից առգրավվել էր տուժող Վահագն Աբգարյանի հագուստը, առգրավվել էր սպանված Գ. Մոսինյանի հագուստը, կատարվել էր դեպքի վայրի զննություն:

Այս արձանագրության հետազոտումից կսկսվի հաջորդ դատական նիստը՝ նոյեմբերի 22-ին:

© 1in.am