• August 11, 2020

Հեղափոխությունից հետո ունենալ թույլ եւ անվճռական իշխանություն` անթույլատրելի է

Հեղափոխությունից հետո ունենալ թույլ եւ անվճռական իշխանություն` անթույլատրելի է

Հեղափոխությունից հետո ունենալ թույլ եւ անվճռական իշխանություն’ անթույլատրելի է։

Ցավոք, բոլորս պարզ տեսնում ենք, թե ինչ հնարքներով ու էժանաբար է հեղափոխությունը մսխվում։ Երկրում գնալով ոստիկանապետություն է ձեւավորվորվում։ Ամուլսարի համար պայքարի դուրս եկածները տարիներ շարունակ պայքարել են, որ սարը սար մնա. սա մեզ համար առաջնային խնդիրներից է։ Փաշինյանն էլ ոչ շատ վաղ անցյալում հաստատել է, որ ժողովրդի ձայնը լսելի է լինելու։ Ժողովուրդը տեւական ժամանակ է ձայնը բարձրացրել է, բայց լսող չկա. նա, ով պիտի խոսի, անհայտ պատճառներով լռում է։ Հանքի շահագործման հետ կապված խնդիրներն ամեն օր մի նոր ճանապարհ են բացելու բողոքի դուրս եկած մարդկանց եւ նրանց համար, որոնք ամեն հնարավորն արել են որպեսզի շատ ոլորտներում բալանս ապահովվի’ մեծ ու փոքր անարդարությունների ու ապօրինությունների դեմ կռիվ տալով։ Մինչդեռ ոչ դատական համակարգը փոխվեց, ոչ էլ ապօրինությունները վերացան, այլ դարձյալ նույն թափով առաջ են գնում, գլուխ բարձրացնում մի նոր, վնասակար ախտանիշ’ պաթետիկ տեքստերի ու իշխանությանը գովք կապող մի քանի անհայտ ծագումով օգտատերի հարձակումների ալիք դեպի իրական օգտատերն ու նրանց ազնիվ քննադատությունները, որոնց ոչ միայն փորձում են լռեցնել, այլ պիտակավորում են։ Իշխանությունը չի հասկանում (կամ ձեռնտու չէ հասկանալը), որ այն մարդիկ, որոնք նախորդների դեմ պայքարել են, իմունիտետ ունեն ոստիկանների բռնության ու ցանկացած հարձակումների դեմ, նրանց էդ տեսակ բաներով չես վախեցնի։ Խոսքը չի վերաբերում հայրենասիրության քողի տակ իրենց ու իրենց տերերի շահերը սպասարկող այս կամ այն խմբերին, այլ տարիներ շարունակ պայքարող, ազնիվ մարդկանց։ Փաատացի ականատես եղանք, թե իշխանությունն ինչպիսի բռնություններ իրականացրեց’ մարմնական վնասվածքներ պատճառելով քաղաքացիներից շատերին։ Կհարցնեք’ ինչու իշխանությունը։ Այո, այն ինչ կատարվում է տվյալ կառավարության օրոք, պատասխանատուն միմիայն կառավարությունն է’ լինի հաղթանակ, թե պարտություն, սխալ, թե ճիշտ։ Ոստիկանները շարունակում են պատվեր կատարել։ Տեսանք, թե ինչպես, ինչ կոպիտ միջոցներով ԱԺ-ի շենքի առջեւ հավաքված երիտասարդներին տարան ոստիկանական բաժանմունքներ։ Մի պահ տպավորություն էր, կարծես, նախկինները վերադարձել են, մենք էլ անտեղյակներով շարունակում ենք պայքարել ապօրինությունների դեմ, այն դեպքում, երբ օրեր առաջ կառավարության շենքի դիմաց հավաքված մի քանի ջահելների, որոնք պահանջում էին շահագործել հանքը, ոստիկաններն անգամ չմոտեցան։ Թողեցին, մինչեւ ուղղորդված երիտասարդներն իրենց վերեւներից հրամայված ակցիան իրականացնեն, հարցազրույցներ տվեցին տեղական մամուլին ու շոուն ավարտեցին։ Ի՞նչ կարող ես մտածել։ Իշխանություններին ձեռնտու է հանքը շահագործել եւ, ինչպես որ միշտ է եղել, ձեռնտու է ընտրովի արդարադատությունը։ Ինչու՞ է լռում իշխանությունը, ինչու՞ է շարունակում ոստիկանության միջոցով վախեցնել հանրությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է նախկին հանցագործներին բաց թողնել, ազատություն շնորհել, բայց բանտարկել հեղափոխության հիմքերում կանգնած ազնիվ մարդկանց, որոնք իրենց կամքի դրսեւորմամբ են իրականացրել այդ այդպես էլ տեղի չունեցած հեղափոխություն-ակտը, որովհետեւ դա մեկ մարդու գործ չէր, այլ տարիներով երկրի ու պետականության համար կռիվ տվողների անմնացորդ նվիրումի ամբողջական ալիքի հասունացած հետեւանք… Ցավոք, մարտի 1-ի համար ոչ ոք պատասխան չտվեց, բայց փոխարենն այսօր, Նիկոլ Փաշինյանը հեղափոխության աջակիցների վրա է ինքնահաստատվում։ Մեզ մնում է դառնորեն հուշել վերեւներին’ «տղերք, սիրուն չի…»

Հ.Գ. Նմանատիպ դրսեւորումները` բռնության միջոցով լռեցնելու` ՉԵՆ ՆԵՐՎԵԼ, ՉԵՆ ՆԵՐՎՈՒՄ եւ ՉԵՆ ՆԵՐՎԵԼՈՒ։ Կառավարությունը` ոստիկանության միջոցով հրահրում է նոր հեղափոխության։ Անթույլատրելի է կառավարության, իմքայլականների միահամուռ-քար լռությունը: Ընդամենը երկու տարի առաջ, դուք առաջինը կլինեիք, որ դեմ կարտահայտվեիք բռնության դեմ, մինչդեռ հիմա դուք լռում եք, երբ ոստիկանության միջոցով տեղի է ունենում ոչ միայն բռնություն, այլ բռնության միջոցով հանրությանը լռեցնելու նոր քայլեր։

Լուսանկարը` Tert.am լրատվականի  տեսանյութից

Հեղինալը՝  Ա․Հայրապետյան