• November 26, 2019

Հեղափոխությունը սբխեջ չի, որ ամեն ինչ ջրի. բոլորը պետք է պատասխան տան

Հեղափոխությունը սբխեջ չի, որ ամեն ինչ ջրի. բոլորը պետք է պատասխան տան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

Ինչպիսի՞ն են ձեր տպավորություններն այսօրվա դատական նիստից․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Այսօրվա դատական նիստից իմ տպավորություններն էնպես չի, որ շատ տարբերվում են նախորդ դատական նիստերի իմ տպավորություններից, որովհետև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները փորձում են տարատեսակ միջնորդություններով, շարունակական բացարկի միջնորդություններով ուղղակի ձգել դատական պրոցեսը։ Իմ դիտարկումը հետևյալն է՝ եթե Ռոբերտ Քոչարյանը վստահ լիներ, որ դատաքննության ընթացքում ներկայացվող ապացույցներն անբավարար են և իր արդարությունը հաստատվելու է, ապա վերջինս ավելի շատ շահագրգռված կլիներ ավելի արագ դատական փուլ մտնելու մեջ։ Սա բնական է, որովհետև ցանկացած ամբաստանյալ ցանկանում է, որ դատական փուլն ավելի շուտ սկսվի և ավարտվի, ու ապացուցվի իր անմեղությունը»։

Այդ դեպքում ինչի՞ վրա է հիմնված հենց այս ձգձգելու ռազմավարությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Տրամաբանությունը շատ հասկանալի է, որովհետև սա շատ ձեռնտու է թե՛ պաշտպաններին, թե՛ այն ամբոխին, որը կանգնած սատարում է Ռոբերտ Քոչարյանին։ Ես կարծում եմ, որ երբ դատախազների բացարկի միջնորդություններն ավարտվեն, ապա երևի կսկսեն արդեն տուժողներին կամ կարգադրիչներին, կամ չգիտեմ՝ դատարանի այլ աշխատակիցներին բացարկ ներկայացնել։ Այսինքն՝ սա արհեստականորեն ձգձգման պրոցես է գնում։ Վերջիններս երևի թե հույսները դրել են Վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի վրա։ Այնպես որ, սա արդեն դատաքննությունից ֆարսի է վերածվում, որովհետև արդեն չորս ամսից ավելի է, ինչ դատաքննությունը շարունակվում է, սակայն ամեն օր մի փոքր ձևափոխված բացարկի միջնորդություն ներկայացնելով՝ պաշտպանները ձգձգում են այս պրոցեսը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

©1in.am