• September 25, 2022

Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի

և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210): Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: