• February 16, 2019

Կոռուպցիոն սկանդալ․ Մարգարիտա Գրիգորյանը ԱՄՆ-ում կնքել է պայմանագիր 6 տարի առաջ դադարեցված ընկերության հետ

Կոռուպցիոն սկանդալ․ Մարգարիտա Գրիգորյանը ԱՄՆ-ում կնքել է պայմանագիր 6 տարի առաջ դադարեցված ընկերության հետ

Դեռ երկու ամիս առաջ մեր  կողմից պաշտոնական հարցում էր ուղարկվել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին տեղեկամալու համար, թե ո՞ր կազմակերպության հետ պայմանագրի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում իր հաղորդումները ԱՄՆ-ում, և արդյո՞ք տվյալ կազմակերպությունն ունի իրավունք գովազդներ ցուցադրել և շահույթ ստանալ տեղի գործարարներից, իսկ եթե ունի, որտե՞ղ են ուղղվում այդ եկամուտները։

Մինչ անդրադառնալը պատասխան նամակի բովանդակությանը, նշենք, որ հասցեատիրոջ կողմից այն որքան հնարավոր է «ձգձգվել» է, սակայն մեր համառության ու իրավաբանական մանիպուլյացիաներին չտրվելու շնորհիվ կարողացանք 2 ամիս անց պատասխան կորզել նրանցից։

Մասնավորապես՝ նամակում նշված է բառացիորեն հետեւյալը․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պատրաստակամ է համագործակցության բոլոր հեռարձակող ընկերությունների հետ, հեռուստաընկերության ցանցն ու հասանելիությունը ընդլայնելու նպատակով: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում արբանյակային կապի միջոցով (արբանյակային կապը տեխնիկապես ապահովում է GlobeCast France ընկերության կողմից): Տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը, համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, իրավունք ունի տեղադրել գովազդային նյութեր Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով հեռարձակումներում: Հայաստանի հանրային հեռուստաընկերության (այսուհետ՝ Հանրային հեռուստաընկերություն) որոշ հաղորդումներ նաև վերահեռարձակվում են ԱՄՆ տարածքում պայմանագրային հիմունքներով՝ Panarm Inc. ընկերության կողմից, 2014թ. նոյեմբերի 1-ին կնքված լիցենզային և վերահեռարձակման պայմանագրերի հիման վրա։ Հանրային հեռուստաընկերությունը որևէ առնչություն չունի Panarm Inc ընկերության կողմից իր սեփական ալիքով ցուցադրվող գովազդի և այդ գովազդից ստացվող հասույթի հետ: Վերոնշյալ ընկերությունն ինքնուրույն է որոշում իր գովազդային քաղաքականությունը և այն որևէ կերպ չի վերաբերում Հանրային հեռուստաընկերությանը»:

Առաջին հայացքից ամեն բան նորմալ է, սակայն Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ որ Հյուսիսային Ամերիկայի տարածքում Հանրային հեռուստաընկերության հաղորդումները ցուցադրվում են կաբելային կապի միջոցով, այլ ոչ թե արբանյակային, շատ պարզ պատճառով․ GlobeCast France ընկերությունը դադարել է գոյություն ունենալ դեռ 6 տարի առաջ՝ 2013թ․-ի հուլիս ամսից։ Ստացվում է Հանրային հեռուստաընկերության հաղորդումներում դրվող գովազդները ներկա պահին անօրինական են, քանի որ հեռարձակումն իրականացվում է միայն կաբելային կապի միջոցով։

Հատկանշական է, որ կա նաև մտավախություն կոռուպցիոն գարծարքների՝ արդյո՞ք Հանրայինը վճարում է կատարում GlobeCast France ընկերությանը, և ուր են գնում այդ գումարները, եթե այն գոյություն չունի։ Իսկ թե որքա՞ն գումար է ստանում Հանրային հեռուստաընկերությունը Panarm.inc ընկերության հետ պայմանագրի շնորհիվ, դեռևս մնում է անհայտ։ Միաժամանակ  Հանրային հեռուստաընկերությանը ֆինանսավորողին, այս դեպքում՝ ՀՀ Կառավարության ուշադրությունն ենք հրավիրում մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա։ Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացու հարկերի հաշվին Հանրայինում ստեղծվող ցանկացած արտադրանք ավելի շուտ է ցուցադրվում ԱՄՆ-ում,  այլ հեռուսաընկերության միջոցով, քան՝ Հայաստանում։ Արդյունքում ՀՀ հարկատուները վճարում են ուշացած ապրանքի համար, ինչի արդյունքում նվազում է նաեւ ԱՄՆ-ում հեռարձակվող Հանրայինի  հեռուստադիտողների քանակը, քանի, որ նրանք այն հացրել են դիտել արդեն իսկ Panarm Inc. Ընկերության միջոցով։

© Irakanum.am