• November 9, 2021

Կոռուպցիան փաստորեն լավ էլ պոզով-պոչով կենդանի է

Կոռուպցիան փաստորեն լավ էլ պոզով-պոչով կենդանի է

 

Կոռուպցիա, չէ` չեմ լսել։

Հիմա արդեն կոռուպցիայի անուն, որ տալիս ես, մեղավորները ոչ թե իրենց վրա են վերցնում, այլ` «ամեն ինչի մեջ կոռուպցիա ենք տեսնում» սկզբունքով են առաջնորդվում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի ընկերությունը խոշոր՝ 834 000 դոլարի պետական պատվերներ է ստացել մեծամասամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղ ավելի վաղ նա եղել է փոխնախարար։ Բայց դե հիմա Բադալյանը ի՞նչ մեղավոր է, որ եղել է փոխնախարար։ Եթե փոխնախարար չլիներ, ու պետական պատվերներ ստանար, ստացվում է, որ կոռուպցիան պոզով-պոչով կենդանու տեսքով 834 000 դոլարը մի համեստ անձնավորության գրպանում կտեղավորվեր։

Ստացվում է, որ ինչքան էլ կոռուպցիա չկա Հայաստանում, բայց պայմանագրերը Բադալյանի ընկերության հետ կնքվել են մեկ անձից ընթացակարգով՝ առանց մրցույթի։

Անցնենք առաջ։ Հիմա, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը, որը տենդերներ է շահում, ի՞նչ մեղավոր է, որ Ալեն Սիմոնյանի եղբայրն է: Կարող էր, չէ՞ մեկ ուրիշի եղբայրը լիներ։ Բայց սրանք մոռանում են, որ ում եղբայրն ուզում է լինի, միեւնույն է կոռուպցիան կոռուպցիա է` պոզով-պոչով չի։

Արդարանալու համար ասենք, որ Բագրատ Բադալյանի ընկերությունն էլ ի՞նչ մեղավոր է, որ Բագրատ Բադալյանի ընկերությունն է, եւ ոչ թե Սերժի Վաչոյի: Պարզ է, չէ՞, որ այդ ընկերությունն առանց Բագրատ Բադալյանի իմացության, մասնակցել է մի նախարարության հայտարարած տենդերի, որտեղ ժամանակին իր շեֆն է աշխատել, ու առանց մրցույթի շահել տենդերը: Այսքանը դժվար չէ չհասկանալը։ Բայց դե արդարացնողներ միշտ էլ կան։
Տեղեկանում ենք, որ ՊՆ -ն վառելանյութ է գնել, ուշադրություն` 5.5 մլրդ դոլար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունից։ Բայց քանի որ ՔՊ-ի հավատարիմ բարեկամներն են Սուքիասյանները, ստացվում է, որ կոռուպցիա չէ, այլ ընտանեկան հավատարմություն։ Այնպես որ միշտ էլ կարելի է արդարանալ ու արդարացնել, մինչդեռ կոռուպցիան դրանից չի պակասում, այլ կուռուպցիան կոռուպցիա է, ինչքան էլ, որ այն պոզով-պոչով կենդանի է։

Ա. Հայրապետյան